Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովում համերաշխություն են հայտնել Ուկրաինային և վերահաստատել են Կիևի հավատարմությունը եվրոպական ուղուն՝ պատասխանելով կառույցին միանալու այդ երկրի դիմումին։ «Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ընդգծում են գագաթնաժողովի մասնակիցները։
ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկման գործընթացը, սակայն, կարող է տևել ամիսներ կամ տարիներ։ Այդ մասին գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին ասել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն։
Եվրոպական խորհուրդը «Եվրահանձնաժողովին խնդրել է ուսումնասիրել և գնահատել Մոլդովայի ու Վրաստանի հայտերը»։
Սովորաբար, ԵՄ երկրների ղեկավարներն ուսումնասիրում են Եվրահանձնաժողովի դիմումները, քննարկում են առաջարկությունները, որից հետո որոշում այս կամ այն երկրին տրամադրե՞լ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ, թե՝ ոչ։ Այնուհետև սկսվում են բանակցություններ թեկնածու երկրի հետ, որոնց նպատակն է համոզվել, որ այն համապատասխանում է ԵՄ-ին միանալու համար անհրաժեշտ մի շարք չափորոշիչներին։ Այդ գործընթացը կարող է տարիներ տևել:
Վերսալի գագաթնաժողովից առաջ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ զգուշացրել են, որ չկա մեխանիզմ, որը հնարավորություն կտա արագացված ընթացակարգով որևէ երկրի ընդունել Եվրամիություն։
Միաժամանակ գագաթնաժողովի մասնակիցները հայտարարություն են տարածել, որում նշել են, որ «ԵՄ-ն և նրա անդամ երկրները կշարունակեն համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական և հումանիտար աջակցություն ցուցաբերել կառույցին անդամակցելու ձգտող պետություններին»: