Գինեգործներն ու կոնյակագործներն անհամբեր սպասում էին կորոնավիրուսի նահանջին, որի հետևանքով արտահանման ծավալները նվազել էին: Հիմա էլ համավարակին գումարվեցին Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները: Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը հայկական գինին ու կոնյակը մեծ ծավալով արտահանում էին Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս ու Ղազախստան: Արդեն երկու շաբաթից ավելի Հայաստանից գինի և կոնյակ չի արտահանվում,- ասում է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Ավագ Հարությունյան («Գինու ազգային կենտրոնի» նախագահ) - Շաբաթը ուրբաթից շուտ եկավ, սկսվեց պատերազմը, որը լրջորեն հարվածեց մեր տնտեսությանը: Ինչու. որովհետև Ռուսաստանը մեզ համար առաջին գործընկերն է. կոնյակի առումով 85-90 տոկոս բաժին ունի, գինու առումով՝ մի քիչ քիչ 10 տոկոս:
2021-ին Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ուկրաինա արտահանվել է մոտ 280 միլիոն դոլարի գինի և կոնյակ, որի զգալի մասը Ռուսաստան,- ասում է Ավագ Հարությունյանը: Հունվար-փետրվարին արտադրողները սովորաբար նախապատրաստվում են մայիս-հունիսի և նոյեմբեր-դեկտեմբերի ամենամեծ արտահանումներին: Ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի գինի-կոնյակ արտադրողները մի քանի ուղղությամբ վնաս են կրում:
Ավագ Հարությունյան - Նոյեմբեր-դեկտեմբերին ամենամեծ արտահանումներն են, որոնց գումարները գալիս են հենց փետրվարին, և մենք չստացանք այդ գումարները:
Երկրորդ վնասն այն է, որ ռազմական գործողություններով և ռուբլու կուրսի անկումով պայմանավորված՝ հիմա չգիտեն՝ ուր և ինչ գնով արտահանեն: Երրորդ հարվածն արդեն կարող են կրել խաղողագործները՝ ասում է Ավագ Հարությունյանը: Բոլոր արտադրողներն աշնանը մթերում են արել վարկով, հույսով, որ վաճառված խմիչքի փողը ստանալու են հունվար-փետրվարին: Գինի-կոնյակ չեն արտահանում նաև Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը՝ նշում է Ավագ Հարությունյանը: Թեև էկոնոմիկայի նախարարությունը վերլուծում է նոր իրավիճակը, սակայն լուծումները չպետք է ուշանան: Գինեգործն առաջարկում է լուծման իր տարբերակը:
Ավագ Հարությունյան - Առաջինը՝ նախ պետք է փորձի ավելացնել այն արտոնյալ ժամկետները, որոնք կան՝ կապված վարկերի հետ:
1993-ից հետո ռուբլու կուրսի տատանումներով պայմանավորված՝ Հայաստանի գինեգործությունն ու կոնյակագործությունը արդեն հինգերորդ հարվածն են ստանում: Յուրաքանչյուր ճգնաժամից հետո տեղի է ունենում շուկաների դիվերսիֆիկացիա:
Գինեգործը վստահ է՝ արտադրողներն այս ճգնաժամն էլ կհաղթահարեն, լուրջ խնդիրը հիմա այս տարի գյուղացու բերքը մթերելն է: