Ավտոմեքենա վաճառելիս «զրոյական տեղեկանք» ներկայացնելու կարիք այսուհետև չի լինի: Կառավարության որոշմամբ՝ շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով. այդ գործողությունը կիրականացվի տեղում՝ ճանապարհային ոստիկանների կողմից: Ապրիլի 1-ից քաղաքացին այլևս ստիպված չի լինի տեղեկանք վերցնելու համար հասնել պետական կառույցներ:
Աշոտ Գիլոյան (ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Սա հատկապես խնդրահարույց էր մեր շատ քաղաքացիների համար, որոնց մեքենան, ենթադրենք, վարում են Երևանում կամ մի այլ քաղաքում, բայց մեքենան հաշվառված էր այլ տեղ: Էդ պարագայում մեր քաղաքացիները ստիպված էին գնալ իրենց հաշվառված բնակավայրը, որպեսզի զրոյական տեղեկանքը ստանային:
Ճանապարհային ոստիկանները, համայնքային եկամուտների կառավարման համակարգին միանալով, տեղում կստուգեն, թե տվյալ մեքենան ինչ պարտավորություններ ունի: Եթե, օրինակ, գույքահարկի վճարման խնդիր կա, քաղաքացուն կասեն գումարի չափը ու հերթերից խուսափելու համար կհորդորեն տերմինալով վճարել: Էլեկտրոնային միասնական համակարգով արված վերջին ձեռքբերումներն է ներկայացնում պատասխանատու գերատեսչության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետը:
Աշոտ Գիլոյան - 21 թվականին 20 թվականի համեմատ մոտ 6.3 միլիարդ ավել գույքահարկ է մուտք եղել համայնքային բյուջեներ, իսկ համայնքային բյուջեներն ինչքան ավել գումար մուտք լինի, էդքան մեր քաղաքացիներին մատուցվող լրացուցիչ ծառայություններ են՝ ջրագիծ է, ճանապարհ է, լուսավորություն է, մանկապարտեզ է:
Տարածքային կառավարման նախարարությունն առաջիկայում նախատեսում է բնակարանների առքուվաճառքի գործընթացի վարչարարությունը ևս պարզեցնել: Այս դեպքում ևս «զրոյական տեղականք» ներկայացնելու պահանջը կհանվի: Համայնքներում քաղաքացիներին սպասարկող գրասենյակներում մոտ 60 ծառայություն արդեն իրականացվում է միասնական համակարգով: Ցանկը կավելանա՝ խոստանում են ոլորտի պատասխանատուները: