Ադրբեջան պետության կողմից հայի նկատմամբ էթնիկ ատելության քաղաքականությունն ունի սիստեմատիկ բնույթ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գնահատականն է: Դա ապացուցված է փաստահավաք խմբերի, ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի բազմաթիվ զեկույցներով և գրականությամբ:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանական պետության կողմից ատելությունն ունի սիստեմատիկ բնույթ, ու այդ ատելությամբ կերակրվում է հասարակությունը:
Պետական հովանավորչական ատելության քարոզը վտանգավոր, անգամ ֆաշիստական դրսևորումների է հասնում:
Ուսումնասիրությունները վկայում են՝ տարիներ ձգվող այդ քարոզ-քաղաքականությունը երկու հենասյունի վրա է հենվում՝ էթնիկ և կրոնական։ Իսկ նպատակը մեկն է՝ Արցախի հայաթափումը:
Գեղամ Ստեփանյան (Արցախի ՄԻՊ) - Դա արվել է նաև խորհրդային տարիներին և ադրբեջանական խորհրդային իշխանությունների կողմից վարվել է այնպիսի քաղաքականություն, որ հայերի կյանքը Արցախում չլինի նպաստավոր, հնարավորինս լքեն Արցախի տարածքը ու փոխարենը բնակեցվեն ադրբեջանցիներով:
Վերջին օրերին Ադրբեջանական կողմը կրակահերթերն ու ականանետները կրկին ուղղել է խաղաղ բնակիչների ուղղությամբ: Դա հանցավոր գործողություն է՝ արձանագրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Քրիստիննե Գրիգորյան - Եթե ոչ այդպես, էլ ինչպե՞ս կարելի է որակել այդ տեսակ ահաբեկումը՝ իրենց տանը ապրող խաղաղ բնակիչներին, երեխաներին ուղղված:
Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորում են սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ չկա որևէ երաշխիք, որ ամեն պահի իրավիճակն ավելի չի լարվի:
Արցախում դեռ գազ չկա՝ Հայաստանից Արցախ հասնող գազատարը մարտի 8-ից վնասված է, «Արցախգազի» մասնագետները վերանորոգման աշխատանքներ դեռ չեն կարող կատարել, քանի որ վնասված հատվածը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տարածքում է։ Դա կրկին մարդու իրավունքի խախտում է՝ նշում է Ստեփանյանը: Տարբեր արտադրամասեր չեն աշխատում, դպրոցների գարնանային արձակուրդը ավելի վաղ է մեկնարկել:
Անդրադառնալով Եվրոպական Միության խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին, Հայաստանի և Արցախի պաշտպանները շեշտում են՝ ինչքան փաստատթղթավորված ու ապացույցներով լինեն իրենց պահանջները միջազգային կառույցներից, այնքան ավելի մեծ արդյունքներ կգրանցեն:
Քրիստիննե Գրիգորյան - Այս բանաձևը կարող ենք ձևակերպել որպես մի ահազանգ, որ առաջինը Ադրբեջանը թույլ չի տալիս Յունեսկոյին ուսումնասիրություն կատարել, որ հրատապ միջոցը չի կատարվում և դա Եվրամիության ուշադրության կենտրոնում պետք է պահել:
Ամեն դեպքում Արցախի բնակչությունը որոշակիորեն թերահավատ է դարձել միջազգային կառույցների նկատմամբ՝ արձանագրում է Ստեփանյանը: Գրիգորյանը նշում՝ միջազգային գործընկերների հետ շփումներում շեշտել է՝ մշտապես 2 կողմին հավասարապես ուղղված զսպվածության կոչերն են նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հանցավոր արարքների պատճառ դառնում: Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն ընդգծում են՝ տարածքի կարգավիճակը չի կարող խոչընդոտել այդ տարածքի բնակիչների ունիվերսալ իրավունքների իրացմանը։ Միջազգային կառույցների կոշտ ու հասցեական արձագանքը կարող է զսպող գործիք լինել: Իսկ այդ արձագանքին հասնելու համար Օրենսդիր և գործադիր մարմինների, ՄԻՊ-երի և քաղհասարակության գործակցությունը պետք է լինի ակտիվ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան