ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային՝ որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
«Այո, մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն: Այսպիսով, մենք կարող ենք ստիպել Ռուսաստանին վճարել իր արածի համար: Այս մասին տեղեկացրել եմ նաև պարոն Չավուշօղլուին։ Թուրքիան առանցքային դեր է խաղում»,- ասել է Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար։ Նա ընդգծել է, որ դա կարևոր է ռազմավարական և հումանիտար տեսանկյունից։
Նախօրեին էլ Ուկրաինայի Կենտրոնական բանկը կոչ էր արել Թուրքիայի Կենտրոնական բանկին՝ դադարեցնել երկրում «Միր» ռուսական վճարային համակարգի քարտերով բոլոր գործառնությունները։