Վերջին օրերին, առիթավորվելով Ուկրաինայի շուրջ աշխարհի ու հատկապես Ռուսաստանի գերզբաղված վիճակից, կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրանքներն ու սպառնալիքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«1. Տևական ժամանակ կրակոցներով ու այլ միջոցներով խոչընդոտում են առաջնագծին մոտ գտնվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներին:
2. Մի քանի օր շարունակ մեր բնակավայրերի ուղղությամբ կրակում են նաև մեծ տրամաչափի զենքերից, իսկ երեկ Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։
3. Մարտի 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, և մինչև հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին մոտենալ խողովակին ու վերականգնել գազամատակարարումը:
Ռուս խաղաղապահների միջոցով շարունակում ենք բանակցությունները խնդիրների խաղաղ կարգավորման նպատակով:
Միևնույն ժամանակ նախազգուշական քայլեր ենք ձեռնարկում մեր բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի Արցախի խաղաղ բնակչության դեմ ցուցաբերվող սանձարձակ պահվածքը»,- նշված է գրառման մեջ։