Առողջապահության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա՝ առանց սպառողի կողմից համապատասխան պահանջի ներկայացման:
Թեմայի վերաբերյալ Կառավարության նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:
«Հանրային քննարկման շատ լավ առիթ դարձավ: Առողջապահության նախարարության շեշտադրումները պետք է մի փոքր շեղենք առողջությունը պահպանելու, կանխարգելելու, հիվանդությունները վաղ հայտնաբերելու և դրանց դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ: Ուրախ եմ, որ մեր քաղաքացիները բուռն կերպով քննարկում են այս թեման:
Սա ևս մեկ առիթ է ուշադրությունը կենտրոնացնելու այն փաստի վրա, որ մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրացման, քրոնիկ հիվանդությունների վիճակի վատթարացման:
Մենք պետք է վարքագծային փոփոխություններ մտցնենք, որ մեր առողջությունը պահպանենք»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ խնդիրն աղի չափաբաժնի մասին է, ոչ թե աղը բացառելու:
«Համարվում է, որ օրական 5 գրամ աղը բավարար է յոդի և օրգանիզմին անհրաժեշտ այլ պաշարները հագեցնելու համար, դրանից ավելը հանգեցնում է որոշակի հիվանդությունների առաջացմանը, սրացմանը և խնդիրներին»,- ասաց նախարարը: