Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Բանակցությունների ավարտից հետո Սերգեյ Լավրովը և Դմիտրո Կուլեբան հանդես են եկել առանձին մամուլի ասուլիսներով։
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է տեսնել բարեկամ, ապառազմականացված Ուկրաինա, տեսնել Ուկրաինա, որտեղ չի արգելվի ռուսերենը և ռուսական մշակույթը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատերազմ չի ուզում, այլ ցանկանում է միայն դադարեցնել պատերազմը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Մենք այլ երկրների վրա հարձակվելու մտադրություն չունենք, մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել։ Բազմիցս նշել ենք՝ Ուկրաինայում մի իրավիճակ էր ստեղծվել, որը սպառնում էր Ռուսաստանի անվտանգությանը։
ՌԴ գլխավոր դիվանագետի խոսքով` եռակողմ բանակցությունների ընթացքում հիմնականում քննարկվել են հումանիտար հարցեր։
«Մենք չենք եկել այստեղ` արժեզրկելու կամ փոխարինելու Բելառուսի տարածքում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները․ հենց այնտեղ են քննարկվում ճգնաժամը հաղթահարելու գործնական ճանապարհները, այն է՝ ապառազմականացում, ապազգայնականացում, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ և այլ հարցեր», - հստակեցրել է Լավրովը:
Սերգեյ Լավրով - Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների վերջին փուլում ռուսական կողմը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումները՝ իրավական փաստաթղթի նախագծի տեսքով։ Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ առաջիկայում դրանց կպատասխանի:
Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների մակարդակով հնարավոր բանակցություններին՝ Լավրովը նշել է, որ ռուսական կողմը չի հրաժարվել նման շփումներից, սակայն ցանկանում է, որ դրանք ինքնանպատակ չլինեն:
Խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, նախարարը վստահեցրել է՝ Ռուսաստանը դրանք կհաղթահարի։
«Մենք առողջացած դուրս կգանք այս ճգնաժամից՝ առանց պատրանքների, թե Արևմուտքը կարող է վստահելի գործընկեր լինել։ Մենք ամեն ինչ կանենք, որ Արևմուտքից կախում չունենանք», - եզրափակել է Լավրովը։
Դմիտրո Կուլեբայի բնորոշմամբ` ռուս գործընկերոջ հետ բանակցությունները բարդ են եղել: Նա վերահաստատել է, որ Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծումներին, սակայն առայժմ նման լուծումներ չկան:
Դմիտրո Կուլեբա (Ուկրաինայի ԱԳ նախարար) - Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի առաջադրած պահանջները։ Ես Անթալիա եմ ժամանել երկու առաջադրանքով՝ Մարիուպոլից մարդասիրական միջանցքի բացում, 24-ժամյա հրադադարի հաստատում:
Շոշափելի արդյունքների մասին արտգործնախարարը չի հայտնել՝ նշելով միայն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերը՝ հակամարտության գոտում առկա հումանիտար հարցերին լուծում տալու համար:
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քննարկել անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը:
Դմիտրո Կուլեբա - Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի արձագանքը ռուսական ագրեսիային, ՆԱՏՕ-ն պատրաստ չէ գործել հավաքական կերպով՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հարց է առաջանում, ինչպես պետք է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը մինչև ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցությունը: Մենք պատրաստ ենք քննարկել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կարող են տրամադրել ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչպես նաև մեր հարևանները, ներառյալ Թուրքիան:
Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ Ուկրաինան այժմ գտնվում է անվտանգային վակուումի մեջ, և առաջնային խնդիրը հենց անվտանգության ապահովումն է:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 516 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ. ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում զոհվել է 516 խաղաղ բնակիչ, որոնցից 23-ը՝ երեխա, ևս 908-ը վիրավորվել է։
Երկրի մի շարք շրջաններում ստեղծվել է ծանր հումանիտար իրավիճակ: Բնակիչները շարունակում են լքել իրենց տները. շատերը ապաստան են գտնում հարևան երկրներում: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հետո Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 2 միլիոն մարդ, այդ թվում՝ երրորդ երկրների ավելի քան 100,000 քաղաքացի։
Շուրջ 1,5 մլն փախստական է Ուկրաինայից անցել Լեհաստան։ Երկրի սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ միայն այսօր սահմանը հատել է 20 000-ից ավելի մարդ։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով էլ նախօրեին Ուկրաինայում առանձին շրջաններից հումանիտար միջանցքներով տարհանվել է ավելի քան 60000 մարդ։
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԶԵՆՔ ԿՐԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի և այդ երկրի քաղաքացիների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման մասին։
Փաստաթղթում նշվում է, որ սեփականության օբյեկտները կարող են առգրավվել ըստ ռազմական անհրաժեշտության։ Օրենքի համաձայն՝ հարկադիր կերպով առգրավված սեփականության համար փոխհատուցում չի նախատեսվում։
Զելենսկին ևս մեկ օրենք է ստորագրել, որի համաձայն` բոլոր քաղաքացիներին թույլատրվում է ռազմական դրության պայմաններում զենք օգտագործել։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք օրինական հիմքերով գտնվում են երկրում, կարող են ստանալ հրազեն և զինամթերք։
Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Պեսկովը նշել է՝ բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն ռուս զինվորականների վրա, կթիրախավորվեն:
ՌԴ-Ն ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ
Ռուսաստանը որոշում է կայացրել այլևս չանդամակցել Եվրոպայի խորհրդին։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
«Մոսկվան չի հանդուրժի միջազգային իրավունքն Արևմուտքի երկրների պարտադրված կանոններով փոխարինելու փորձերը»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը ենթադրում է ԵԽ կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միաժամանակյա չեղարկում:
Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Ռուսաստանի անդամակցությունը ԵԽ-ին կդադարեցվի ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին՝ հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը: Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո ռուսաստանցիները չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին է ուղարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին միության տնտեսության կայունացմանն ուղղված ժամանակավոր հակաճգնաժամային ծրագրի նախագիծը։
Բացի դրանից՝ Եվրահանձնաժողովը նախատեսում է աջակցություն տրամադրել կազմակերպություններին՝ գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով լրացուցիչ ծախսերը հոգալու համար։