Հայաստանն ու Ֆրանսիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հոբելյանական այս տարին նշանավորվեց Ֆրանսիայի կառավարության կողմից՝ նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո Փարիզում կազմակերպված «Հավակնություններ` Ֆրանսիա-Հայաստան» համաժողովով։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է ՀԱՅՏՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կառավարության անդամներ, ֆրանսիական շրջանների, դեպարտամենտների, ֆրանսահայ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ․ բոլոր դերակատարները, որոնց հանձնառությունը նպաստում է երկու բարեկամ երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացմանը։
Համաժողովի ամփոփիչ պլենար նիստին ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային անցած 30 տարիների ընթացքում բացառիկ ջերմությամբ լի հարաբերությունների ու բարեկամության համար։ Նաև արձանագրեց՝ երկու պետությունների միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ներկայումս առկա գլոբալ մարտահրավերների համատեքստում Հայաստանն այսօր կենսական կարիք ունի ամրապնդելու իր տնտեսությունը, նոր շունչ հաղորդելու տնտեսական քաղաքականությանը, այդ թվում՝ ներգրավելով նոր ներդրումային ծրագրեր։
Ուրախ ենք, որ Ֆրանսիան պատերազմից հետո քաղաքական կամք է հայտնել՝ տնտեսապես աջակցելու Հայաստանին և նորովի խթանելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը:
․․․ Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, հայ ու ֆրանսիացի գործընկերների միջև շփումներն իսկապես արդյունավետ կլինեն՝ սկիզբ դնելով բեղուն աշխատանքային համագործակցությանը և նոր ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը։ Հայաստանի կառավարության անունից կարող եմ հավաստիացնել, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայի համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման համար։
ՀՀ վարչապետը ընդգծեց նաև 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիայի դրսևորած համերաշխությունը հայ ժողովրդի հետ՝ արձանագրելով, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, որը հստակ ու անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին։
ԵԱՀԿ ՄԽ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
Ֆրանսիայի նախագահն իր ելույթում նշեց, որ կազմակերպված հայ-ֆրանսիական համաժողովը նպատակ ունի մի կողմից ամփոփել անցած 30 տարիների համագործակցության արդյունքները, մյուս կողմից՝ նոր թափ հաղորդել երկկողմ գործակցությանը։
Միջազգային զարգացումները նույնպես չշրջանցվեցին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, չի կարող իր ազդեցությունը չունենալ տարածաշրջանի վրա։
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Պետք է աչալուրջ լինել։ Այս իրավիճակում չպետք է մոռանանք 2020 թվականի աշունը։ Այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ, և շատ անելիքներ կան։ Մենք քննարկել ենք թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրականացվող քայլերը ռազմագերիների ազատ արձակման, սահմանազատման, տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի հետ կապված, և, իհարկե, որպեսզի կարողանանք կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, քանի որ այն շարունում է չլուծված մնալ։ Այս ամենը պետք է անել կայունության պայմաններում։ Եվ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահը կայցելի տարածաշրջան։
ՀՀ-ՖՐԱՆՍԻԱ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահն ազդարարեց նաև Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պետական մասնակցությամբ հատուկ հիմադրամի ստեղծման ծրագրի մասին։ Հայաստանում և Արցախում տարբեր ծրագրեր իրականացնող ֆրանսիական ՏԻՄ-երին և կառույցներին էլ նա կոչ արեց օգտվել այդ գործիքից և տրամադրվող աջակցությունը դարձնել առավել կայուն ու արդյունավետ։
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը, որը նույնպես մասնակցում էր համաժողովին, բարձր գնահատեց այդ նախաձեռնությունը։ Նրա կարծիքով՝ հենց նմանատիպ միջոցառումների շնորհիվ են պահպանվում երկու երկրների միջև սերտ կապերը։
Ժոնաթան Լաքոտ (Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան) - Կարծում եմ, որ ֆրանսիացիներն ու հայերը շատ լավ են հասկանում միմյանց, նրանք առաջնորդվում են այնպիսի արժեքներով, որոնք հիմնված են ինքնության, մշակույթի վրա և ընդհանուր են մեր երկրների համար։ Կարող եմ վկայել, որ բոլոր ֆրանսիացիները, որոնք այցելել են Հայաստան, ինչ-որ բան զգացել են և ցանկացել են կապ պահպանել այդ երկրի հետ, և շատ հաճախ նրանք պատրաստ են նաև ներդրումներ կատարելու Հայաստանում։
Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանի կարծիքով՝ նույնպես կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ շատերը ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, բայց չունեն գործիքներ:
Սերժ Ավետիքյան (կինոռեժիսոր, դերասան) - Կարծում եմ, որ դա շատ կարևոր էր Հայաստանի համար, նրանք պետք է հասկանան, որ կան մարդիկ, որոնք ոչ միայն ցանկանում են օգնել, այլև ուզում են աշխատանք վերադարձնել Հայաստան, բայց դրա համար Հայաստանը պետք է նրանց միջոցներ տա։ Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչպես կարող են այդ ծրագրերը տեղավորվել ոչ միայն մարդասիրական, այլև աշխատանքը վերադարձնելու ճանապարհով: Սա է նման միջոցառման դրական կողմը։
«Հավակնություններ` Ֆրանսիա-Հայաստան» համաժողովն ըստ էության նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզի կյանքի կոչմանն ուղղված առաջին, սակայն բավական խոստումնալից քայլերից մեկն էր։ Համաժողովի շրջանակներում աշխատանքային խմբերը քննարկել և ձևակերպել են ավելի քան 200 ներդրումային նախագիծ, որոնց կյանքի կոչումն իրենց երկար սպասել չի տա։