ՌԴ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ
Ռուսաստանը որոշում է կայացրել այլևս չանդամակցել Եվրոպայի խորհրդին։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: «Մոսկվան չի հանդուրժի միջազգային իրավունքն Արևմուտքի երկրների պարտադրված կանոններով փոխարինելու փորձերը»,- ասված է հայտարարության մեջ:
Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը ենթադրում է ԵԽ կանոնադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միաժամանակյա չեղարկում: Կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Ռուսաստանի անդամակցությունը ԵԽ-ին կդադարեցվի ընթացիկ ֆինանսական տարվա ավարտին՝ հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը: Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո ռուսաստանցիները չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՌԴ-Ն ՄԻՆՉ ՕՐՍ ԽՈՑԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ 2911 ՌԱԶՄԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության 15-րդ օրն ամփոփել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ ռուսական ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 2911 ռազմական օբյեկտ։ Կոնաշենկովն անդրադրադարձել է նաև Ուկրաինայում հումանիտար միջանցքների շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ուկրաինական կողմը նախօրեին Ռուսաստանի առաջարկած տասը մարդասիրական երթուղիներից միայն երեքին է համաձայնել։ Ռուսաստանն էլ համաձայնել է ուկրաինական կողմի առաջարկած լրացուցիչ 3 միջանցքին»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ ռուսական ուժերը, առանց Ուկրաինայի մասնակցության, հատուկ գործողության սկզբից ի վեր տարհանել են ավելի քան 179 հազար խաղաղ բնակչի, այդ թվում՝ օտարերկրացիների, ավելի քան 2 մլն մարդ էլ դիմել է ռուսական կողմին՝ տարհանվելու խնդրանքով։
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակից հայտնել են, որ Սումիի հումանիտար միջանցքով ավելի քան 20000 մարդ է տարհանվել։ Միջանցքներ են բացվել ևս 7 ուղղությամբ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԶԵՆՔ ԿՐԵԼ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որի համաձայն բոլոր ուկրաինացիներին թույլատրվում է ռազմական դրության պայմաններում զենք օգտագործել։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք օրինական հիմքերով գտնվում են երկրում, կարող են ստանալ հրազեն և զինամթերք։
«Քաղաքացիական անձինք պատասխանատվություն չեն կրում Ուկրաինայի դեմ զինված ագրեսիա իրականացնող անձանց նկատմամբ հրազենի կիրառման համար, եթե այդպիսի զենքն օգտագործվում է ըստ սահմանված կարգի»,- ասված է օրենքում։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԴԺԳՈՀ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ կարող են մահանալ արևմտյան երկրների անգործության հետևանքով։
«Այժմ ամեն ինչ արդեն շատ վատ է։ Արևմտյան երկրներն Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի կսահմանեն միայն, երբ երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, բայց արդեն ուշ կլինի»,- նշել է նա Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նախագահը մեղադրել է ՆԱՏՕ-ին, որ դաշինքը Մոսկվայի հետ երկխոսության տարբերակներ չի փնտրում։ Նա ևս մեկ անգամ նշել է Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության պատրաստակամության մասին։ «Պատերազմը դադարեցնելու մասին որոշումը կայացնում են երկու երկրները, երկու ժողովուրդները և երկու նախագահները»,- ընդգծել է նա։
ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾԵԼ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ՊՈՒՏԻՆԸ. ԲԼԻՆՔԵՆ
Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամից դուրս գալու որոշում կարող է կայացնել միայն Ռուսաստանի ղեկավարությունը, այլ ոչ Արևմուտքը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք ամբողջ ընթացքում տարբերակներ ենք առաջակել Պուտինին, նա միակ մարդն է, որը կարող է որոշել՝ օգտվե՞լ այդ տարբերակներից, թե՞ ոչ»,- նշել է պետքարտուղարը։
ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՉԻ ԳՆԱ. ՍԼՈՒՑԿԻ
Ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը հեշտ չէ, սակայն ռուսական պատվիրակությունը զիջումների չի գնա՝ հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։
«Այս բանակցությունները PR-ի համար չեն արվում, դրանց նպատակն է ընդհանուր հայտարարի գալ հիմնական՝ ռազմական, քաղաքական, հումանիտար հարցերում։ Ռուսական պատվիրակությունը բանակցային ոչ մի կետից չի հրաժարվի և ոչ մի միլիմետր չի զիջի»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտնել էր, որ Կիևը պատրաստ է խոսելու Մոսկվայի հետ, սակայն նրան անվտանգության երաշխիքներ են պետք ոչ միայն Ռուսաստանից, այլև ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից։ «Այդ դեպքում մենք պատրաստ կլինենք քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, սակայն մենք որևէ վերջնագիր չենք ընդունի և հիմնարար հարցերի շուրջ զիջման չենք գնա»,- նշել է Ժովկվան։
ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՌԴ ԷՆԵՐԳԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ռուսաստանից նավթի և էներգառեսուրսների ներկրումն արգելող օրինագծին։ Նախագծի հեղինակները կոչ են արել վերանայել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի կարգավիճակը։
Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նաև Ուկրաինային ավելի քան 13 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու նախաձեռնությանը։
Այդ գումարից մոտ 6,5 միլիարդը կուղղվի Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու նպատակով, մնացածը՝ այլ գերատեսչությունների, որոնք Ուկրաինայի համար կապահովեն մարդասիրական և տնտեսական օգնություն։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ
Մարտի 10-11-ը կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի առանցքային հարցերից մեկը կլինի Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Հսղորդվում է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ Միությանն անդամակցության դիմումները կքննարկվեն առանձին։ Գագաթնաժողովի օրակարգում է նաև Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից կախվածության նվազեցման հարցը։