Հայաստանում բժիշկների պակաս չկա: Ավելցուկ էլ չկա: Կա անհամաչափ բաշխվածություն, ինչի հետևանքով նրանց թիվը Երևանում անհրաժեշտից էապես շատ է, իսկ մարզերում՝ քիչ: Ու նաև սա է պատճառը, որ մարզերի բնակիչները այս կամ այն առողջական խնդիրների դեպքում հաճախ ստիպված են լինում մայրաքաղաքի ճամփան բռնել:
43-ամյա Վարդան Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով Շիրակի մարզի Կամո համայնքից Երևան է եկել արդեն երրորդ անգամ:
Վարդան Հարությունյան (Շիրակի մարզի բնակիչ) - Եթե լավ մասնագետ լինի Գյումրիում, ինչի՛ էսքան ճամփեն կտրեմ կգամ էստեղ: Նույնիսկ Գյումրիում հետազոտվել եմ կարգ ստանալու համար, հանձնաժողովը Գյումրիի տված ախտորոշումը հիմք չի ընդունել, եկել եմ էստեղից եմ տարել դիազնոզը, որ ինձ կարգ են նշանակել՝ երրորդ կարգ:
Հայաստանում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 35 բժիշկ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների միջին ցուցանիշը ևս այդքան է: Երևանում այդ ցուցանիշը 98 է, այսինքն՝ շուրջ 3 անգամ ավելի: Իսկ, օրինակ՝ Լոռիում՝ 25.4, Գեղարքունիքում՝ 15.9, Արմավիրում՝ 14.9:
Նարեկ Զեյնալյան (ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այսինքն՝ մարզերում մենք կարիք ունենք բժիշկներով համալրման: Լիազոր մարմինը՝ առողջապահության նախարարությունը, ընդամենը երկու գործիք ունի դա ապահովելու:
Մեկը Երևանից բժիշկների ժամանակավոր ուղեգրման մեխանիզմն է, մյուսը՝ օրդինատուրայում նպատակային տեղեր հատկացնելը, երբ բժիշկ շրջանավարտը պետության միջոցներով անվճար սովորելուց հետո պարտավորվում է 3 տարի աշխատել այն բուժհաստատությունում, որտեղ նախարարությունն անհրաժեշտ համարի:
Բայց դրանով, ըստ Զեյնալյանի, նախարարությունը չի կարողանում ամբողջությամբ կարիքը բավարարել:
Նրա համահեղինակությամբ մշակվել և Ազգային ժողովում արդեն ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Դրանով առաջարկվում է նպատակային տեղերը, հետբուհական ծրագրերից բացի, կիրառելի դարձնել միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նարեկ Զեյնալյան - Սա նաև շատ կարևոր է ապահովագրության ներդրմանն ընդառաջ, այդ համատեքստում, որովհետև նաև նախարարության պարտավորությունն է ապահովել բնակչության բժշկական օգնության, սպասարկման շարունակականությունը, անընդհատությունը, հասանելիությունը:
Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետը նկատում է, որ օրդինատուրայում նպատակային տեղերի քանակը տարեցտարի ավելացվել է՝ հասնելով 58-ի: Արդյունքում՝ բուժհաստատություններում թափուր հաստիքները համալրվել են մինչև 40 տոկոսով:
Քրիստինա Գյուրջյան (ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչության պետ) - Եթե մենք 15 թվականին ունեցել ենք 423 թափուր տեղ, 17-ից արդեն սկսել է նվազել, դարձել է 331, 218-ին դարձել է 258, 20 թվականին՝ 284, 21-ին՝ 269:
Նպատակային օրդինատուրայում տեղերը բացելու համար նախարարությունն առաջնորդվում է մարզերից պարբերաբար ստացվող տեղեկատվությամբ, թե ինչ մասնագետի կարիք ունեն և որքան թափուր հաստիք:
Քրիստինե Գյուրջյան - Բոլոր մարզերը գրեթե խնդիր ունեն թերապևտների, ընտանեկան բժիշկների, մանկաբույժների, անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգների և միգուցե ավելի շատ՝ հեռավոր մարզերը:
Օրդինատուրայի նպատակային տեղերում սովորելուց հետո մարզում աշխատելու պայմանագիրը խզելու եզակի դեպքեր են լինում: Այդ ժամանակ շրջանավարտը պարտավոր է պետությանը վերադարձնել ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար հատկացված գումարի և կրթաթոշակի կրկնապատիկը: Իսկ հարցին, թե կա՞ն արդեն իսկ գործող բժիշկներին խրախուսող ծրագրեր, որպեսզի նրանք ցանկանան աշխատել մարզում, և կրճատվի բաշխվածության անհամաչափությունը, վարչության պետը պատասխանեց՝ փորձում են մարզային բժշկական կազմակերպություններում բարեփոխումներ անելով այդտեղ աշխատելը դարձնել գրավիչ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան