Եվրոպական Միության խորհրդարանը ձայների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Այն խստորեն դատապարտում է Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջը՝ խախտելով միջազգային իրավունքը և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը:
Բանաձևն արձանագրում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանում:
Նշվում է, որ հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ոչ միայն այն վնասելու կամ ավերելու, այլ նաև պատմության կեղծման և այն որպես, այսպես կոչված, կովկասյան-ալբանական ներկայացնելու միջոցով:
Եվրախորհրդարանն ընդգծում է հակամարտության կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման անհրաժեշտությունը և այդ համատեքստում Ադրբեջանին կոչ է անում հրաժարվել իր առավելապաշտական նպատակներից, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից ու բարեխղճորեն ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բանաձևի քվեարկությանը նախորդել էին Եվրախորհրդարանի պատգամավորների ելույթները, որոնք ամբողջովին մերկացնում էին Արցախում հայկական հետքը ոչնչացնելուն ուղղված Բաքվի քաղաքականությունը:
Էվին Ինսիր (Եվրախորհրդարանի պատգամավոր (Շվեդիա)) - Ադրբեջանը փորձում է ջնջել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը, պատմությունն ու հարուստ մշակույթը: Դա հարձակում է պետության, ժողովրդի և ապագա սերունդների վրա: Ադրբեջանը փորձում է վերաշարադրել պատմությունը:
Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ նման գործողություններից, սակայն ադրբեջանական իշխանությունը չի կատարում իր պարտավորությունները:
Եվրապատգամավոր Չարլի Վեյմարսն էլ ադրբեջանական գործողությունները համեմատեց Իսլամական պետության գործելաոճի հետ՝ այն որակելով «մշակութային ցեղասպանություն»:
Չարլի Վեյմարս (Եվրախորհդրանի պատգամավոր, Շվեդիա) - Հայկական միջնադարյան եկեղեցիների ոչնչացմամբ Ադրբեջանը կրկնում է «Իսլամական պետության» քաղաքականությունը քրիստոնեական մշակութային արժեքների նկատմամբ, որին ականատես ենք եղել Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Մենք պետք է դատապարտենք Ադրբեջանի գործողությունները և պատժամիջոցներ սահմանենք նրա նկատմամբ:
Քննարկման ընթացքում նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական բնակավայրերի ականակոծությանը:
Պետեր վան Դալեն (Եվրախորհրդարանի պատգամավոր, Նիդերլանդներ) - Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է:
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
Եվրահանձնաժողովին կոչ է անում օգտագործել բոլոր հասանելի լծակները Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման, փոփոխման, ինչպես նաև՝ վանդալիզմի դեպքերը կանխելու համար: