Մարտի 9-ին և լույս մարտի 10-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հրադադարի խախտումները՝ թիրախավորելով Արցախի տարբեր ճակատային գյուղեր: Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ՝ արձակելով ավելի քան 23 ական:
ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ. ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Ականանետից հարվածները գիշերվանից շարունակվել են մինչև առավոտյան 9:30-ի սահմանները: Հենց այդ ժամանակ գյուղի բնակիչներից Սուրեն Բաղրյանը տան բակում վիրավորում է ստացել ականի պայթյունից:
Սուրեն Բաղրյան (Արցախի Խրամորթ համայնքի բնակիչ) - Պիտի տեղ զանգեի, դուրս եմ եկել, որ զանգեմ, դեմքով հակառակ ուղղությամբ էի, ականն ընկել է հավաբունը, զգացի, որ մեջքս բռնել է: Անցել եմ պատի հետևը, ձեռքս դրել մեջքիս, տեսել արյուն է:
Առավոտվանից ռուս խաղաղապահները Խրամորթում են՝ զրահափոխադրիչները դաշտերում են: Սակայն Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները:
Վարելի Սարգսյան (Խրամորթ համայնքի բնակիչ) - Խաղաղապահները կանգնած, ականը գալիս, իրենց գլխով անցնում, ընկնում է այստեղ: Ինքնաձիգով չի գալիս, վրայով կրակում է, ինչո՞ւ, խաղաղապահը չի՞ տեսնում, չի՞ լսում, ամեն ինչ գիտի:
Նկարահանման պահին ադրբեջանական դիրքից կրկին լսելի էր գյուղից հեռանալու մասին ձայնագրությունը, որտեղ խաղաղ բնակչությանը սպառնում են ուժ կիրառել: Երեկվա դրությամբ հակառակորդը Խրամորթ գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել էր նաև ծանր տեխնիկա, որն այժմ հետ է քաշվել: Խրամորթում լավ են հասկանում՝ Ադրբեջանի բանակին գյուղի Քարագլուխ բարձունքն է հետաքրքրում, բայց չեն հեռանալու գյուղից:
Կարեն Հայրապետյան (Խրամորթ համայնքի բնակիչ) - Որ Խրամորթը թողենք, ամբողջ շրջանը թողնելու ենք: Որ սարն անցնենք, այստեղ օգտագործելու բան չենք ունենա: Դրա համար հարկավոր է ուժ, բոլորս միասին պաշտպանենք մեր գյուղերը:
Միքայել Բալայան (Խրամորթ համայնքի բնակիչ) - Կորցրել ենք հայրենիքի սահմանները, թշնամին եկել է հասել մեր ամրոցին: Մեր ամրոցը մեր տներն են: Այստեղ է, որ Ստալինն ասել է՝ ոչ մի քայլ հետ: Սա վերջին մեր ամրոցն է, մեր տունը: Մի քայլ մենք իրավունք չունենք հետ գնանք:
Առավոտյան ադրբեջանական ականանետի թիրախում է հայտնվել նաև Փառուխ համայնքը՝ արձակել են 4 ական:
Վարդան Միքայելյան (Փառուխ համայնքի ղեկավար) - Մի հատը՝ գյուղապետարանի շենքի վրա, 3 հատն էլ՝ տարբեր հատվածներում: Մինչև հիմա ուրիշ ձայն չկա, դրանք են, որ կրակել են:
Ասկերանի շրջանի ղեկավարի գնահատմամբ՝ սա իրավիճակն ապակայունացնելու հերթական սադրանքն է:
Համլետ Ապրեսյան (Արցախի Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար) - Տարհանում չի իրականացվել, չի կազմակերպվել: Ուղղակի մի քանի ընտանիք սեփական նախաձեռնությամբ ապահովությամ համար տեղափոխվել են, իսկ մնացած բնակչությունը զբաղված է առօրյա հոգսերով:
Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել ու վնասել են նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի այգիներից մեկում գտնվող տրակտորը. տեխնիկան դեպքի վայրի վտանգավոր հատվածից հեռացնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Արցախի ՄԻՊ-ը հստակ դիտավորություն է տեսնում այս բոլոր քայլերում, նկատում է՝ Ուկրաինայում ռազմական գործողություններից օգտվելով փորձում են ապակայունացնել իրավիճակը նաև Արցախում: Գեղամ Ստեփանյանն այս համատեքստում վթարված գազատարին է անդրադառնում, որի վերականգնման շուրջ բանակցություններն արդյունք դեռ չեն տվել:
Գեղամ Ստեփանյան (Արցախի Մարդու իրավունքների պաշտպան) - Միակ ու հիմնական պատասխանատուն այս ամենի ադրբեջանական կողմն է: Անընդհատ խոչընդոտներ է հարուցում և՛ գազ մատակարարող ընկերության աշխատակիցների, և՛ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք չեն կարողանում մուտք ունենալ դեպքի վթարի վայր, իսկ դա իր հետ բերում է բազմաթիվ հումանիտար խնդիրներ Արցախում:
ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԿԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանական սադրանքները նաև տեղեկատվական հարթակներում են շարունակվում: Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Արցախից Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով: Գրասենյակից հայտնում են, որ խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: