ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ԱՐՑԱԽՈՒՄ
Վերջին օրերին Արցախում լարվածություն կա, ինչն ընդգծվել է նաև գազի մատակարարման խափանմամբ՝ Կառավարության նիստի սկզբին ստեղծված իրավիճակին անդրադարձավ վարչապետն ու առանց գնահատական տալու նշեց՝ Արցախի իշխանությունների ու միջազգային գործընկերների հետ աշխատում են իրադրությունը կարգավորելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ
ՓԱՐԻԶՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՄ-ՀՀ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ
Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գիշերն է վերադարձել Փարիզից: Այցը դրական գնահատելով՝ վարչապետը նկատեց՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հայ-ֆրանսիական համաժողովը նոր լիցք կարող է հաղորդել ոչ միայն տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նիկոլ Փաշինյան - Բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկել ենք նաև հարցերի լայն շրջանակ, նաև այստեղ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ես առիթ ունեցա նաև ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Շառլ Միշելի հետ, որտեղ քննարկվեցին նաև ԵՄ-Հայաստան գործակցության հարցերը, և քննարկեցինք նաև՝ ինչպես առավել արդյունավետ շարունակել ծրագրերի իրականացումը:
Ֆրանսիայից բացի, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Հայաստանն այս տարի նշում է նաև այլ երկրների հետ: Այդ առիթով Փաշինյանն ապրիլին էլ Ռուսաստան կայցելի:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾՆԵՐԻՆ
Անցելով զեկուցվող հարցերին՝ Ադրբեջանից բռնագաղթած մարզերում ապրող 254 ընտանիքի բնակարանի խնդիրը լուծելու համար գործադիրը 1.4 միլիարդ հատկացրեց: 2004-2006-ին մարզերում նման ծրագիր մեկ անգամ իրականացվել էր, 2020-ին էլ առաջին անգամ Կառավարության աջակցությունից մայրաքաղաքում բնակվողներն օգտվեցին՝ զեկուցեց ոլորտային նախարարը:
Գնել Սանոսյան (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մենք նախորդ տարեվերջին ավարտեցինք այդ պրոցեսը Երևանում, հիմա նորից վերադառնում ենք մարզեր
Երևանում ծրագրից 270 ընտանիք է օգտվել՝ բյուջեն 3.7 միլիարդ է եղել՝ տեղեկացրեց Սանոսյանը: Վարչապետն էլ հիշեցրեց արդեն հաստատված մեկ այլ ծրագրի մասին, որով կառավարությունն աջակցում է նաև պատերազմի հետևանքով բնակարանը կորցրած, վերաբնակեցված քաղաքացիներին:
Նիկոլ Փաշինյան - Նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար, ընդ որում որոշակի կատեգորիայի մարդկանց մենք հնարավորություն ենք տալիս բնակարան ձեռք բերել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, ընդ որում, խոսքը վերաբերում է վերաբնակեցված քաղաքացիներին:
Մեկ այլ փաթեթով էլ Կառավարությունը պարզեցնում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման կամ հաշվառման համար զրոյական տեղեկանք ստանալը: Թվայնացման շնորհիվ քաղաքացին էլ ստիպված չի լինի մի կտոր թղթի համար համայնքի ղեկավարի դուռը հասնել՝ բացատրեց նախարարը, ամբողջ տեղեկատվությունը արդեն գործող е-community էլեկտրոնային հարթակում կլինի:
Գնել Սանոսյան - Մենք բացում ենք այն ոստիկանության համար էլ, որ տեսնեն, ու կարող ենք տեղում էլ վճարել, եթե պարտք ունենան:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ
Կառավարության այս նիստը վերջինն էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն նախարարի համար: Կիրակի երդմնակալությամբ ընտրված նախագահը կստանձնի երկրի գլխի լիազորությունները: Վարչապետը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, Խաչատուրյանն էլ շեշտեց՝ համատեղ հաջողություններ նաև նոր պաշտոնում են արձանագրելու:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ ընտրված նախագահ) - Մեր ժողովուրդը թող վստահ լինի, որ այն ծրագրերը, որոնք նախատեսել է Կառավարությունը առաջիկա 5 տարիների ընթացքում, մեր համատեղ աշխատանքում իրականացնելու ենք:
Նիկոլ Փաշինյան - Այսօր, ամենաուշը՝ վաղը ստիպված ենք լինելու ձեզ ազատել նախարարի պաշտոնից:
Կառավարական կաբինետում 7 ամսվա աշխատանքից հետո Խաչատուրյանն անցած շաբաթ ԱԺ-ում, երկրորդ փուլով ընտրվեց հանրապետության հինգերորդ նախագահ: