Անթալիայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում հրադադարի հաստատման շուրջ հարցեր: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցությունները բարդ են եղել:
Կուլեբան վերահաստատել է, որ Կիևը պատրաստ է հակամարտության դիվանագիտական լուծումներին, սակայն առայժմ նման լուծումներ չկան: Միևնույն ժամանակ, դիվանագետը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Մոսկվայի առաջադրած պահանջները։
Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ ինքն Անթալիա է ժամանել երկու առաջադրանքով՝ Մարիուպոլից մարդասիրական միջանցքի բացում և 24-ժամյա հրադադարի հաստատում: Կուլեբան տեղեկացրել է, որ Լավրովի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերը՝ տեղում հումանիտար հարցերին լուծում գտնելու համար:
Ուկրաինացի պաշտոնյան դժգոհել է ՆԱՏՕ-ից՝ նշելով, որ որպես կազմակերպություն՝ այն չի աջակցում Կիևին:
Կուլեբան հայտարարել է, որ Լավրովն առաջարկել է միջուկային անվտանգության հարցերի վերաբերյալ եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Ռուսաստանի և Ուկրաինայի փորձագետների միջև: