Գործադիրի նիստին վարչապետն անդրադարձավ նաև Varieties of Democracy ինստիտուտի երեկ հրապարակած 2022 թ. ժողովրդավարության զեկույցին, որտեղ Հայաստանը բարելավել է դիրքերը՝ մինչև 2020 թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմից» անցնելով «ընտրական ժողովրդավարություն» կատեգորիայի։
Այս դասակարգումը Փաշինյանը պատմական որակեց ու նկատեց՝ պետք է շարունակել աշխատանքը հետագայում ևս դիրքերը բարելավելու և զեկույցում տեղ գտած ցուցանիշները ի շահ երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու համար:
«Այս նոր բնորոշման էությունն այն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն ՝ ընտրությունը ոչ միայն իշխանության վերարտադրության գործիք է, այլև ընտրությունն իշխանության ձևավորման գործիք է: Եթե շատ պարզ ձևակերպենք, կարող ենք արձանագրել նաև ամենաթարմ օրինակը, որ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա»,- ասաց Փաշինյանը: