ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջ կողմից առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը դիտավորությամբ նյութական օգուտ ստանալու անձնական և խմբային շահերից ելնելով, 2007 թ. հիմնադրված, ապա 2015 թ. սեպտեմբերի 7-ից իր կնոջը՝ 100 տոկոս բաժնեմասով պատկանող ՍՊ ընկերության հետ, 2007 թ. մայիս ամսին 25 տարի ժամկետով, շուկայականից էապես ցածր գնով՝ ամսական 480000 ՀՀ դրամ վարձավճարով, կնքել է վարձակալության պայմանագիր, որով ՍՊ ընկերության տնօրինմանն է հանձնվել հիշյալ ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում գտնվող 6580.8 քմ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը:
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, վարձակալ ՍՊ ընկերությունը պարտավորվել է 5 տարիների ընթացքում կատարել գույքի վերանորոգման ու բարելավման և հարակից տարածքների բարելավման աշխատանքներ, որի համար նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը պետք է կազմեր 162.200.000 ՀՀ դրամ:
Նույն պայմանագրի համաձայն նախատեսվել է, որ պայմանագիրը կարող է լուծվել վարձատուի պահանջով միայն դատարանի որոշմամբ, եթե վարձավճարը վճարվել է ժամկետից 15 օր ուշ՝ ավելի քան երկու անգամ հաջորդելով իրար, կամ եթե վարձակալը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, այդ թվում նաև՝ վարձակալի նախաձեռնությամբ:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չի վճարել, ինչի հետևանքով 2019 թ. հունիսի դրությամբ հիշյալ ՓԲ ընկերության նկատմամբ առաջացել է 13.500.000 ՀՀ դրամի պարտավորություն:
Ավելին, «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, կնոջը նյութական օգուտ տալու անձնական և խմբային շահերից ելնելով, դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած վարձերը չվճարելու, 162.200.000 ՀՀ դրամ ներդրումները չկատարելու պայմաններում միջոցներ չի ձեռնարկել կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու, այլ ընկերության հետ շուկայական գնով նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի հետևանքով հիշյալ ՓԲ ընկերության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Այսպիսով՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կինը, հանդիսանալով վերոհիշյալ ՍՊ ընկերության փաստացի ղեկավարը, պայմանագրի կնքումից արդեն իսկ երկու ամիս անց սկսել է չկատարել ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունը: Ավելին՝ գիտակցելով այն հանգամանքը, որ ՍՊԸ-ն գտնվում է փաստացի անվճարունակության վիճակում, ամուսնու կողմից հիշյալ գործողություններին նպաստելու նպատակով, դիտավորյալ չի նախաձեռնել վերը նշված պայմանագիրը լուծելու գործընթաց՝ այդ կերպ օժանդակելով ամուսնուն՝ դիտավորությամբ ծառայողական պարտականությունները չկատարելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կնոջը ՀՀ քրեական օրենսգրքի 34-308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: