Ադրբեջանը փորձում է ջնջել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը, պատմությունն ու հարուստ մշակույթը: Այդ մասին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Շվեդիան ներկայացնող պատգամավոր Էվին Ինսիրը:
Նա ընդգծել է, որ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հարձակում է պետության, ժողովրդի և ապագա սերունդների վրա: Ինսիրի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է վերաշարադրել պատմությունը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ նման գործողություններից:
Գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տուբադելն իր հերթին նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական հազարավոր մշակութային հուշարձաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, որից հետո ալիևյան ռեժիմն ակտիվորեն քայլեր է ձեռնարկում հայկական հետքերը վերացնելու կամ ալբանականացնելու ուղղությամբ:
Հայկական միջնադարյան եկեղեցիների ոչնչացմամբ Ադրբեջանը կրկնում է «Իսլամական պետության» քաղաքականությունը քրիստոնեական մշակութային արժեքների նկատմամբ, որին ականատես ենք եղել Լիբիայում, Սիրիայում և Իրաքում՝ հայտարարել է շվեդ պատգամավոր Չարլի Վեյմերսը: Խոսելով հայկական մշակութային արժեքների ալբանականացման մասին՝ նա կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ: