ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա՝ հակառակ դեպքում այն կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք փորձում ենք կանխել էսկալացիան: ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միանալ այդ պատերազմին, քանի որ այդ դեպքում դա կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ: Դա կլինի միջուկային պատերազմ: Մենք փորձում ենք թույլ չտալ, որ որևէ միջադեպ մեզ դրդի այդ ուղուն»,- ասել է պաշտոնյան։
Անդրադառնալով Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի բանակցություններին՝ Բորելը այն համարել է ընդառաջ արված «առաջին քայլը», սակայն դրանց արդյունքների վերաբերյալ լավատեսություն չի հայտնել:
Ռուսաստանի նկատմամբ սահմանվող ֆինանսական պատժամիջոցների մասին Բորելն ասել է, որ Եվրամիությունը հասել է իր հնարավորությունների սահմանագծին: «Մենք արդեն արել ենք ամեն հնարավորը»,- ընդգծել է դիվանագետը: