Ռուսաստանն ուզում է տեսնել բարեկամ, ապառազմականացված Ուկրաինա, որտեղ չեն արգելվի ռուսերենը և ռուսական մշակույթը։ Ռուսաստանը պատերազմ չի ուզում, այլ ուզում է դադարեցնել այդ պատերազմը, այդ թվում՝ ելնելով Դոնեցկի և Լուգանսկի շահերից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Անթալիայում Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք այլ երկրների վրա հարձակվելու մտադրություն չունենք, մենք Ուկրաինայի վրա էլ չենք հարձակվել։ Բազմիցս նշել ենք՝ Ուկրաինայում իրավիճակ էր ստեղծվել, որը վտանգում էր Ռուսաստանի անվտանգությունը»,- հայտարարել է Լավրովը։
Անդրադառնալով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը՝ նա նշել է, որ այն ընթանում է ժամանակացույցին համապատասխան։
«Ուկրաինային զենքի մատակարարումների մասով մենք տեսնում ենք՝ ինչ վտանգավոր գործողություններ են իրականացնում մեր արևմտյան գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը։ Դա վտանգավոր է առաջին հերթին հենց այդ զենքը մատակարարողների համար»,- ընդգծել է նախարարը։
Լրագրողների հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Անթալիայում եռակողմ բանակցությունների արդյունքներով՝ հաշվի առնելով, որ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, թե կրակի դադարեցման հարցում առաջընթաց չի գրանցվել, Լավրովը նշել է․ «Մենք չէինք էլ պատրաստվում այսօր այդ հարցը քննարկել։ Մենք չենք եկել այստեղ արժեզրկելու կամ փոխարինելու Բելառուսի տարածքում ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունները: Հենց այնտեղ են քննարկվում ճգնաժամը դադարեցնելու ճանապարհները, այն է՝ ապառազմականացում, ապազգայնականացում, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ և այլ հարցեր»,- հստակեցրել է Լավրովը՝ հավելելով, որ նախարարները հիմնականում քննարկել են հումանիտար հարցեր։
Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ մարդասիրական միջանցքներ տրամադրելու ռուսական կողմի նախաձեռնությունն ուժի մեջ է։
«Մենք նաև հիշեցրինք մեր գործընկերներին, որ Բելառուսում ռուս-ուկրաինական բանակցությունների վերջին փուլում ռուսական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումները՝ իրավական փաստաթղթի նախագծի ձևաչափով։ Կիևն էլ վստահեցրել է, որ հստակ պատասխան կտա։ Մենք լուրջ ենք տրամադրված։ Հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը՝ առանց բացառության»,- ընդգծել է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև, որ նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվել Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումներից․ «Մենք ուղղակի ցանկանում ենք, որ այդ բանակցություններն ինքնանպատակ չլինեն»,- ընդգծել է նա։
Լավրովը պնդել է՝ Մոսկվան պատրաստ է քննարկելու Ուկրաինայի և եվրոպական երկրների անվտանգության երաշխիքները՝ Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին զուգահեռ։ Խոսելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ նախարարը վստահեցրել է՝ Ռուսաստանը դրանք կհաղթահարի։
«Մենք առողջացած դուրս կգանք այս ճգնաժամից՝ առանց պատրանքների, թե Արևմուտքը կարող է վստահելի գործընկեր լինել։ Մենք ամեն ինչ կանենք, որ Արևմուտքից կախում չունենանք»,- ընդգծել է Լավրովը։