ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մարտի 10-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թերեզա Ռիբեյրոյին ԵԱՀԿ-ում նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը խոսքի և մամուլի ազատության ոլորտում նոր մակարդակի է հասել, բայց դեռևս շատ անելիքներ կան:
«Այս գործընթացը բավականին բարդ է, սակայն մենք վճռական ենք՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտներն ու արգելքները, որպեսզի մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանում համապատասխանի եվրոպական ամենաբարձր չափանիշներին»,- ասել է նա:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ որպես խաղաղասեր ժողովուրդ և պետություն, մինչդեռ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունն ու ատելությունը Հայաստանի և հայերի նկատմամբ: Նա դատապարտել է այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:
«Մենք նաև բախվում ենք հայկական կրոնական և պատմամշակութային հուշարձանների ոչնչացման բազմաթիվ փաստերի և դրվագների: Սա Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ոչնչացման քաղաքականության մի մասն է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխնախագահը հյուրերի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պատերազմի օրերին ադրբեջանական ուժերի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս թիրախավորվել էին նաև լրագրողներ: Ըստ Հակոբ Արշակյանի՝ նման կանխամտածված արարքը նպատակ ուներ խոչընդոտել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունների արձանագրումն ու դրանք միջազգային հանրությանը ներկայացնելը: Այդ համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Թերեզա Ռիբեյրոյի արձագանքը Հրանտ Դինքի գործին:
Թերեզա Ռիբեյրոն անդրադարձել է տեղեկատվության հասանելիության ու մատչելիության, տեղեկատվական աղբյուրների անվտանգության, լրագրողների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարևորությանը: Հյուրի խոսքով՝ քաղաքական գործընթացները չպետք է ազդեն մեդիամիջավայրի վրա:
Այս համատեքստում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանում հեղափոխությունից հետո գործունեության լիցենզիաներ են տրվել բազմաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցների: ԱԺ փոխնախագահն ընդգծել է որ մեր երկիրը քայլեր է ձեռնարկել պատերազմից հետո նկատվող ատելության խոսքի դրսևորումները մեղմելու ուղղությամբ:
Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է վերջին տարիներին մեր երկրում մեդիադաշտի առողջացմանն ուղղված բարեփոխումները՝ նշելով, որ զանգվածային լրատվության մասին օրենսդրության կատարելագործանն ուղղված աշխատանքները շարունակական են: Պատգամավորի գնահատմամբ՝ պետությունը չպետք է միջամտի լրագրողական համայնքի ինքնակարգավորմանը, այլ փորձի աջակցել նրանց գործունեությանը:
Մարիա Կարապետյանը խոսել է հետպատերազմյան խնդիրների մասին: Պատգամավորն անդրադարձել է նաև նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու դեպքում պատասխանատվություն սահմանող կարգավորումներին: