Զիփլայնը «Ելլ-էքստրիմում» օդում՝ պարանով կախված ճամփորդությունը շուտով կերկարացնի մինչև 2,5 կմ-ի։ Վերջապես կառուցում են նոր, այդքան սպասված երթուղին։ Զուգահեռ՝ Ենոքավանի սարերին «Ապագա ռեզորթսը» քոթեջ-հյուրատներ է ավելացնում։ Ընդլայնում-արդիականացնում են նաև ռեստորանային համալիրը։ Եթե լոգիստիկ խնդիրները չխանգարեն, ամենաուշը հունիսի վերջին-հուլիսի սկզբին տուրիստական ժամանցավայրը կկարողանա թարմացված ծառայությունների ցանկով եռապատիկ շատ այցելու ընդունել, ասում է բիզնեսի ղեկավարը։
Տիգրան Չիբուխչյան («Ապագա փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն) - Այս պահին մենք գիշերակացի հնարավորություն կարողանում ենք տալ մոտ 50 հոգու, իսկ շինարարության ավարտից հետո կունենանք 150 տեղ, իսկ «Ելլ-էքստրիմում» օրական 350 հոգու փոխարեն կկարողանանք սպասարկել 1300 հոգու:
Շինարարության համար բանկերից իրենց հարմար պայմաններով գումար վերցնել չկարողացան՝ անկեղծանում է Տիգրան Չիբուխչյանը։ Ներդրումը ներգրավել են Հայաստանի հետաքրքրությունների ֆոնդից։ ԱՆԻՖ-ը վերջերս հայտարարեց, որ «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ծրագրով» ֆինանսապես աջակցել է «Ապագա փրոջեքթսին» ու դարձել ընկերության բաժնետեր։
Բելլա Մանուկյան («Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն) - ԱՆԻՖ-ի կողմից ծրագրում ներդրվել է մոտ 1,6 մլն դոլար, այս գումարն ուղղվելու է հյուրանոցի համարային ֆոնդի ավելացմանը, ինչպես նաև հարակից ենթակառուցվածքների զարգացմանը:
Ըստ Մանուկյանի՝ սա արդեն 6-րդ փաթեթն է, որով ԱՆԻՖ-ը գումար է դնում մասնավոր ընկերությունում, փորձում կապիտալի հոսք ապահովել դեպի ռեալ տնտեսություն, որ բիզնեսի ռիսկերը պակասեն, եկամուտներն ու աշխատատեղերն ավելանան։ Գործարարներից ստացած հայտերը կառույցի գործարքների թիմը քննարկում, ներկայացնում է ներդրումային հանձնաժողովի եզրակացությանը, անկախ հանգամանքից, թե համագործակցության դիմում-առաջարկն իրենց թիրախային հռչակած ոլորտների՞ց է, թե՞ ոչ։
Բելլա Մանուկյան - Այս պահին մեր կողմից դիտարկվում են տարբեր ծրագրեր նաև զբոսաշրջության ոլորտում, կարծում եմ՝ առաջիկայում կխոսենք մեր այլ ծրագրերի մասին:
ԱՆԻՖ-ի մոտ 800 մլն դրամանոց ներդրման դիմաց ընկերությունն ի՞նչ բաժնեմաս է զիջել՝ սա պայմանագրային կողմերի գաղտնիքն է՝ «Ապագա փրոջեքթսի» տնօրենը չի ասում։ Փոխարենը, ասում է, հիմա երաշխավորված կարող են քայլ առ քայլ ընդլայնել 2004-ին բացած ընտանեկան բիզնեսը։ Քովիդի պատճառով, ապա և պատերազմից հետո կրճատված զբոսաշրջային հոսքերը անցած տարի վերականգնել, հետ են բերել 2019-ի մակարդակին։ Այս տարի հույս ունեն՝ հյուրերը շատ կլինեն, ոչ միայն Ռուսաստանից, այլև ճիշտ մարքեթինգի ու վաճառքների շնորհիվ հնարավոր կդառնա խմբեր ոչ թե տանել, այլ՝ բերել հարևան Վրաստանից, լինեն նրանք տեղացիներ, թե Թբիլիսի այցելած արտասահմանցիներ։ Ի դեպ, Ենոքավանից Երևանն ու Թբիլիսին նույնչափ են հեռու։
Տիգրան Չիբուխչյան - Մենք երևի էն քիչ կազմակերպություններից ենք, որ, այո՛, կարող ենք գլուխ գովենք, ու 2019 թվականին կարողացել ենք դուրս գալ դեպի Վրաստան, կոնկրետ դեպի Թիֆլիս: Փորձում ենք և գիտենք այն քայլերը, որ պիտի ձեռնարկենք մարքեթինգի տեսակետից և վաճառքի, ոնց կարող ենք մեր վրացի բարեկամներին ու հարևաններին հրավիրել Ենոքավան:
Չիբուխչյանը հպարտանում է՝ զիփլայնով ու ձիավարությամբ հայտնի դարձած Տավուշի հայրենի գյուղը հիմա տուրիստական քարտեզներում իր տեղն ամրագրել է: Տարածքի այլ իջևանատներ էլ են ավելացնում գիշերակացի տեղերը։ Հյուրերի ժամանցի համար էքստրիմին զուգահեռ բրուտի անկյուններ են բացվում, գինետներ: