Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց համար բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգում: ԲԳՎ-ների տրամադրման ծրագիրը 2020-2021 թթ. ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն իրականացնել ՀՀ մարզերում: Տվյալ գործընթացը մարզերում ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց կարգավորումը հնարավոր է սահմանված ընթացակարգերը լրամշակելու, իսկ առանձին դեպքերում նաև հստակեցնելու միջոցով: Մասնավորապես՝ Երևան քաղաքում բնակվող շահառուները կարող էին ձեռք բերել բնակարան ՀՀ ցանկացած բնակավայրում: Ծրագիրը մարզերում իրականացնելու պարագայում, ելնելով ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ մարզերի համաչափ զարգացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է կարգում ներառել դրույթ այն մասին, որ մարզերի շահառուները կարող են բնակարան ձեռք բերել միայն այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու: Ծրագրի շարունակության այս փուլում մարզերում հաշվառված շահառուների կողմից ԲԳՎ-ների միջոցով բնակարան ձեռք բերելու գործընթացն իրականացվելու է մարզպետարանների մասնակցությամբ:
Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել և մանրամասն ներկայացնել ծրագրի շրջանակում մարզպետներին և մարզպետարաններին վերապահված գործառույթները, այդ թվում՝ վերջիններիս կողմից որոշմամբ սահմանված փաստաթղթերը Միգրացիոն ծառայությանը ներկայացնելու կարգն ու ժամկետները: 2022 թ. ծրագրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված է 1,4 մրդ դրամ, շահառուների թիվը 254 ընտանիք է:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ Երևան քաղաքում բնակարանների գնման վկայագիր է ստացել 270 ընտանիք:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Երևանում 270 ընտանիքի համար ծրագրի իրականացման նպատակով նախատեսված է եղել 3,7 մլրդ դրամ:
Վարչապետն անդրադարձել է նաև կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկին, որով աջակցություն կստանան 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանից զրկված քաղաքացիները: «Այդ ծրագրով նախատեսվում էր, որ մենք դրամական աջակցություն ենք ցույց տալիս բնակարաններ ձեռք բերելու համար: Ընդ որում, մենք հնարավորություն ենք տալիս բնակարան ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում: Խոսքը հիմնականում վերաբերում է այս որոշման համատեքստում վերաբնակեցված քաղաքացիներին: Ես հույս ունեմ, որ այդ փաթեթով նույնպես մենք կլուծենք մեր այն հայրենակիցների խնդիրները, ովքեր 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնել է, գործընթացն արդեն սկսված է և բնականոն հունով ընթանում է: