Հագուստի բրենդային մի քանի տասնյակ խանութներ հայտարարել են, որ լքում են ռուսական շուկան, չեն գործում նաև շատ օնլայն խանութներ: Սրանք համաշխարհային ճնշումների ու պատժամիջոցների մի մասն են: Գործունեությունը դադարեցրել է նաև ԻԿԵԱ-ն՝ Ռուսաստանում գործող կահույքի խանութների ամենախոշոր ցանցը: Ռուսաստանյան խանութներում, առկա պաշարը սպառելուց հետո արդեն հնարավոր չի լինի գնել համաշխարհային ճանաչում ունեցող ալկոհոլային խմիչքներ, քաղցրավենիք ու կանթնամթերք:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ) - Ընկերությունները, եթե հրաժարվում են ռուսական շուկայում աշխատել, սա տհաճություններ, անհարմարություններ է ստեղծում առաջին հերթին սպառողի համար, կարճաժամկետ հատվածում կարող է հանգեցնել տվյալ շուկայում գների բարձրացման, որովհետև դու ինչ որ ապրանք եթե բերում ես փոխարինելու ինչ-որ տեղից, կամ պետք է լոգիստիկ շղթա կառուցես, կամ մինչև դու սկսես արտադրել, դա, բնականաբար, ավելի թանկ կլինի, քան թե այդ ապրանքն էր, գների որոշակի աճի կհանգեցնի, բայց երկարաժամկետ հատվածում դրանց փոխարինողներ կգտնվեն ասիական շուկաներից:
Սահմանված պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում նաև ռուսական օդում. շուկայից դուրս գալու որոշում են կայացրել «Բոինգը» և «Էյրբասը», որոնք ռուսական ավիապարկի գերակշիռ մասն են կազմում: Ամերիկյան Boing ընկերությունը հրաժարվել է նաև Ռուսաստանից տիտանի ներմուծումից: Միաժամանակ, օրակարգ է մտել մեկ այլ հարց. Boing ընկերությունը ինժեներական երկու կենտրոն ունի Մոսկվայում և Կիևում: Հիմա քննարկումներ են սկսվել կենտրոնը Երևան տեղափոխելու վերաբերյալ: Հարցը, սակայն, դեռ օդում կախված է: Աշխարհում հայտնի՝ մեկ տասնյակը գերազանցող ավտոարտադրողներ դադարեցրել են մատակարարումը, փակել են գործարաններն ու սպասարկման կետերը:
Արմեն Քթոյան - Եթե չկա, ընդամենը չի առնելու կամ այլ եղանակներով է հայթայթելու, և էստեղ նաև որոշակի առավելություններ մենք ենք ստանում, ինչպես, օրինակ, օգտագործված մեքենաների հետ կապված բում եղավ մեզ մոտ, և ահագին մարդիկ մեր երկրում կոնկրետ փող աշխատեցին էդ հնարավորությունից: Էստեղ ևս նմանօրինակ հնարավորություններ են բացվում, և Հայաստանը կարող է յուրօրինակ անցումային կամ միջնակյալ կետ հանդիսանալ սպառման ապրանքները ռուսական շուկա հասցնելու համար:
60 հազարից ավելի ռուսաստանցիներ էլ առանց աշխատանքի են մնացել, քանի որ ամերիկյան McDonald's-ը Ռուսաստանում իր 850 մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնում է: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սակայն, նրանք դեռ կշարունակեն վճարել աշխատավարձերը: Ավելի վաղ գործունեության դադարեցման մասին հայտարարել էին նաև KFC-ն և Pizza Hut-ը: Երեքշաբթի երեկոյան «Կոկա-կոլան» և «Ստարբաքսը» նույնպես փակվել են: «Պեպսին» էլ հայտարարել է, որ Դաշնությունում չի վաճառի իր զովացուցիչ ըմպելիքները:
Միաժամանակ խոշոր բեռնափոխադրող ընկերությունները՝ DHL-ը, FedEx-ը դադարեցրել են մատակարարումները: Ռուսաստանի համար փակվել է կինոաշխարհը և երաժշտական մրցույթները: Տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Apple-ը, Samsung-ը, NOKIA-ն, Microsoft-ը, դադարեցնում են աշխատանքը ՌԴ-ում, չեն գործում ApplePay-ը և SamsungPay-ը: Intel-ը դադարեցնում է միկրոչիպերի մատակարարումը:
Արմեն Քթոյան - Առավել խնդրահարույց է էն ոլորտներում, երբ ընկերությունները Ռուսաստանում ներգրավված լինելով, ապարանք-ծառայություններ առաջարկելուց բացի՝ նաև տալիս են տեխնոլոգիաներ այդ երկրին, տեխնոլոգիական նորագույն լուծումներ, որոնք աշխարհում չկան կամ հազվագյուտ են: Այս առումով գուցեև խնդիրներ առաջանան: Էլի, այն երկրները, որոնք չեն միացել այս պատժամիջոցներին, իրենց շուկաներից ձեռք բերելու հնարավորություն ևս ընձեռնվում է, դժվարությամբ, բայց կլինի:
Պատժամիջոցները չեն շրջանցել նաև սպորտը: Տարբեր մարզաձևերի Ռուսաստանի հավաքականները և ակումբները որակազրկվել են, մի շարք սպորտային միջոցառումներ, որոնք Դաշնությունում պետք է անցկացվեին, տեղափոխվել են: Պատժամիջոցների հետևանքով տասնյակ հազարով աշխատակիցներ կորցրել են աշխատանքը: Ըստ մոտավոր հաշվարկների, Ռուսաստանում գործունեությունը դադարեցրած ընկերությունների թիվն անցնում է 200-ը: