Հրազդան գետի վրա կառուցվող 252 մ երկարությամբ և 28 մ լայնությամբ Երևանի հինգերորդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: 6 երթևեկելի գոտով երկկողմանի կամուրջը կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները, ինչն էլ կնպաստի խցանումների նվազմանը:
Նորա Մարտիրոսյան (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար) - Որպեսզի Իսակովի պողոտայից գնաք մինչև Շիրակի փողոց՝ ձիարշավարանի հատված, այսօր այն տևում է մոտ 23 րոպե, իսկ կամուրջի պարագայում այն տևում է առավելագույնը 2-3 րոպե:
Երևանի փողոցների բեռնաթափմանը կնպաստեն նաև Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածները, որոնց շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են: Դրանց կառուցումը կապ է ապահովում Արտաշատից Աշտարակ ուղղություններում՝ շրջանցելով քաղաքի կենտրոնը: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարի խոսքով՝ ճանապարհաշինության տեսանկյունից սա վերջին 10 տարում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Ոչ միայն վերակառուցվել կամ լայնացվել են ճանապարհահատվածները, այլև ամբողջությամբ նորերն են կառուցվել: Արդեն ապրիլին շահագործման կհանձնվի Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը:
Նորա Մարտիրոսյան - Աշխատանքները որպես այդպիսին ավարտված են, հիմա բետոնի հարթեցման աշխատանքներն են արվում, հետո կարվի ջրամեկուսացում ու ասֆալտապատում:
Բաբաջանյան-Աշտարակի ընդհանուր երկարությունը 9.4 կմ է, միջին լայնությունը՝ 24 մետր: Ծրագրի ղեկավարը նշում է՝ 2019-ին մեկնարկած ծրագիրը փոքր-ինչ հետաձգվեց նախ՝ համաճարակի, հետագայում նաև՝ պատերազմի հետևանքով: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցմանը խոչընդոտել է նաև Բաբաջանյան փողոցին հարող հատվածում Հարավարևմտյան Բ4 թաղամասի բնակիչների դժգոհությունը: Ի սկզբանե նախատեսվում էր կառուցել մեկ լուսացուցային կարգավորման խաչմերուկ, սակայն բնակիչների պահանջով նախագծում փոփոխություններ արվեցին՝ կառուցվեց նաև թունելային անցում: Նախագծում նաև ներառված չէր Բաբաջանյան փողոցի 1 կմ հատվածի վերակառուցման հարցը։ Այն չէր նախատեսվել, քանի որ 10 տարի առաջ, երբ մեկնարկել էր նախագիծը, փողոցը լայն ու բարեկարգ էր: Նորա Մարտիրոսյանն ընդգծում է՝ հետագայում փողոցի երկու կողմում ակտիվ շինաշխատանքների հետևանքով փողոցը վնասվել է:
Նորա Մարտիրոսյան - Անդրադառնալով Բաբաջանյան փողոցի վերակառուցման ֆինանսական բաղադրիչին՝ ասեմ, որ մենք այն նախատեսում ենք անել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի չնախատեսված ծախսերի հաշվին, այսինքն՝ հավելյալ ներդրումներ չեն նախատեսվում:
Ճանապարհահատվածների կառուցումը նկատելի ազդելու է Արշակունյաց, Իսակովի պողոտաների բեռնաթափմանն ու ոչ միայն՝ ասում են պատասխանատուներն ու ավելացնում՝ ճանապարհների և ոչ մի հատվածում չեն լինելու վերգետնյա լարեր, կապուղիներ, ճանապարհները ամբողջությամբ համապատասխան են եվրոպական ստանդարտներին: