ՌԴ-Ն ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մոսկվան և Կիևը հուսով են, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված ջանքերը կշարունակվեն։ ՈԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է բանակցությունների նոր փուլերի շուտափույթ անցկացմամբ։ Նա ընդգծել է նաև Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման կարևորությունը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվայի խոսքով՝ Կիևը պատրաստ է խոսելու Մոսկվայի հետ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու շուրջ, իսկ Զելենսկին պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության, այդ հարցով նույնիսկ դիմել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ աջակցելու նախագահների հանդիպման կազմակերպմանը։
«Կիևին անվտանգության երաշխիքներ են պետք ոչ միայն Ռուսաստանից, այլև ԱՄՆ-ից, Բրիտանիայից և Գերմանիայից, այդ դեպքում մենք պատրաստ կլինենք քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, սակայն մենք որևէ վերջնագիր չենք ընդունի և հիմնարար հարցերի շուրջ փոխզիջման չենք գնա»,- ընդգծել է Ժովկվան։
Նա շեշտել է՝ բարձր մակարդակով ռուս-ուկրաինական բանակցություններ հնարավոր են, եթե ռազմական գործողությունները դադարեցվեն, և Ռուսաստանն Ուկրաինայի տարածքից դուրս բերի իր զորքերը։
ՌԴ ՊՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ամփոփել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության 14-րդ օրը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերն ընդհանուր առմամբ ոչնչացրել են ուկրաինական ավելի քան 2780 ռազմական օբյեկտ. Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված էր ռազմական ավիացիայի հիմնական մասը, շարքից հանվել է։ Շարունակվում է նաև հումանիտար միջանցքներով բնակիչների տարհանումը։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ ՉԷ. ԶԱԽԱՐՈՎԱ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ գործողության խնդիրը ո՛չ Ուկրաինայի օկուպացիան է, ո՛չ այդ երկրի պետականության ոչնչացումը, ո՛չ էլ գործող իշխանության տապալումը։ Անդրադառնալով Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ Զախարովան շեշտել է՝ Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում ՆԱՏՕ-ին, սակայն պահանջում է հարգել անվտանգային հարցերում իր օրինական շահերը։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ դաշինքն ուժեր է կուտակում Արևելյան Եվրոպայում։
ԱՄՆ-Ն ԱՐԳԵԼԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ, որոնք տարածվում են էներգետիկ ոլորտի վրա։ Նախագահ Բայդենի ստորագրած հրամանագրով արգելվում է նավթի, նավթամթերքի, հեղուկ գազի, ածխի ներմուծումը, ինչպես նաև ներդրումները ՌԴ էներգետիկ ոլորտում։ Ըստ Բայդենի՝ որոշումը կայացվել է եվրոպական և մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքում, այնուհանդերձ, ամերիկյան կողմը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։ Պատժամիջոցների սահմանմանը զուգահեռ՝ Վաշինգտոնը փորձում է գտնել մատակարարման այլընտրանքային աղբյուրներ։ Որպես հնարավոր տարբերակ է դիտարկվում Վենեսուելան: ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են թուլացնելու վենեսուելական նավթի ներկրման սահմանափակումները՝ փոխարինելու ռուսական էներգակիրները։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանումը և հայտարարել՝ Կիևը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ է ակնկալում նաև Եվրամիությունից։ Եվրոպական կողմը, սակայն, դեռ չի շտապում սահմանափակել ռուսական էներգակիրների ներմուծումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ մտադիր չեն հետևել ԱՄՆ-ի օրինակին, սակայն միությունը գազի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։ Նա Եվրոպայի բնակիչներին կոչ է արել խնայել էներգիան՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ համոզված է՝ ռուսական էներգակիրների արտահանման սահմանափակումից կտուժեն բոլոր կողմերը։
«Պեկինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմնված չեն միջազգային իրավունքի վրա: Դա մեզ ոչ միայն խաղաղություն չի բերի, այլև լուրջ խնդիրներ կստեղծի երկրների տնտեսությունների համար»,- հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Միջազգային ուժեղացող ճնշման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական ոլորտում Ռուսաստանի անվտանգության ապահովման հատուկ միջոցների մասին։ Մասնավորապես նախատեսվում է մինչև 2022 թվականի վերջ սահմանափակել կամ արգելել երկրից արտահանումը և որոշակի ապրանքների ու հումքի ներմուծումը երկիր։ Կառավարությանը հանձնարարվել է երկօրյա ժամկետում որոշել օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց վրա կանդրադառնան այս որոշումները։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Մարտի 10-11-ը կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի առանցքային հարցերից մեկը կլինի Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Փոխանցվում է, որ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի՝ Միությանն անդամակցության դիմումները կքննարկվեն առանձին։ Գագաթնաժողովի օրակարգում է նաև Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից կախվածության նվազեցման հարցը։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ. ԿԱՆՑԼԵՐ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ռազմական ինքնաթիռներ չի ուղարկի Ուկրաինա։
«Մենք Կիևին տրամադրել ենք պաշտպանական զինատեսակներ։ Սակայն հիմա պետք է մտածել՝ ինչ ենք անելու հաջորդիվ»,- նշել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթաց կգրանցվի։
ԿԱՆԱԴԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԻԵՎԻՆ
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Գերմանիայի կանցլերը քննարկել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Վերջինս հայտնել է, որ Կանադան լրացուցիչ 50 միլիոն դոլարի պաշտպանական օգնություն կտրամադրի Կիևին, այդ թվում՝ տեսախցիկներ և անօդաչու թռչող սարքեր։ Թրյուդոն և Շոլցը քննարկել են նաև Գերմանիա կանադական նավթի մատակարարման հնարավորությունը։
ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ՇՈԼՑ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Կայացել է նաև Վլադիմիր Պուտինի և Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակները, անդրադարձել Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների երրորդ փուլի արդյունքներին։ Պուտինը և Շոլցը կարևորել են Ուկրաինայում խաղաղ բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքների գործարկումը։