ԱՄՆ-Ն ԱՐԳԵԼԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես հայտարարում եմ, որ այսօր ԱՄՆ-ը թիրախավորում է Ռուսաստանի տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելք ենք սահմանում ռուսական նավթի ու գազի ներկրման վրա:
Այս հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազդարարեց էներգետիկ ոլորտի վրա տարածվող նոր պատժամիջոցների մասին: Ըստ Բայդենի՝ որոշումը կայացվել է եվրոպական և մյուս դաշնակիցների հետ խորհրդակցությունների արդյունքում, այնուհանդերձ, ամերիկյան կողմը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ ներմուծման արգելքին։ Բայդենը նախազգուշացրել է՝ սահմանափակումները բացասաբար կանդրադառնան նաև ԱՄՆ-ի վրա, սակայն կառավարությունն այդ քայլը ճիշտ է համարում:
Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ այս քայլով ԱՄՆ-ը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունն Ուկրաինային: Նա Կոնգրեսին կոչ է արել նաև հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը։
Բայդենի հայտարարություններն արձանագրվել են հատուկ հրամանագրում, ըստ որի՝ արգելվում է Ռուսաստանից ԱՄՆ ներմուծել՝ հում նավթ, նավթամթերք, նավթային վառելիք և յուղեր, դրանց թորման համար նախատեսված արտադրանք, հեղուկ բնական գազ, ածուխ։ Արգելվում է նաև ներդրումներ կատարել Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։
Պաշտոնական Վաշինգտոնը միջոցներ է ձեռնարկում նաև «առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի կարգավիճակի վերանայման», ինչպես նաև նոր պատժամիջոցներ մտցնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տնից հայտնել են նաև, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հետևել Ուկրաինայում «սահմանափակ ոչ թռիչքային գոտի» ստեղծելու կոչերին. դա կնշանակեր ՌԴ հետ պատերազմ: «Մի շարք համաշխարհային առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել փոխգործակցել ՌԴ և Ուկրաինայի հետ՝ իրավիճակը լիցքաթափելու համար: ԱՄՆ-ը դա ողջունում է»,- նշել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Միացյալ Նահանգների կողմից նոր պատժամիջոցների սահմանումը և հայտարարել՝ Կիևը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ է ակնկալում նաև Եվրամիությունից։
Եվրոպական կողմը, սակայն, դեռ չի շտապում սահմանափակել ռուսական էներգակիրների ներմուծումը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ մտադիր չեն հետևել ԱՄՆ-ի օրինակին, սակայն միությունը գազի այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։
2022-Ի ՎԵՐՋԻՆ ԵՄ-Ն ԿԿՐՃԱՏԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Եվրահանձնաժողովի փոխանցմամբ՝ Եվրամիությունը նախատեսում է 2022 թվականի վերջ կկրճատի ռուսական գազից իր կախվածությունը 67 տոկոսով։ Ներկայացվել է համապատասխան ծրագիր: Ռուսաստանի Դաշնության էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հարցը կքննարկվի նաև մարտի 10-ին մեկնարկող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման լինելու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը, սակայն, օրակարգում ներառված չէ:
Միջազգային ուժեղացող ճնշման ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական ոլորտում Ռուսաստանի անվտանգության ապահովման հատուկ միջոցների մասին։ Մասնավորապես նախատեսվում է մինչև 2022 թվականի վերջ սահմանափակել կամ արգելել երկրից արտահանումը և որոշակի ապրանքների ու հումքի ներմուծումը երկիր։ Կառավարությանը հանձնարարվել է երկօրյա ժամկետում որոշել օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց վրա կանդրադառնան այս որոշումները։
ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ Մոսկվան մտադիր է առևտրային և ֆինանսական հասցեական սահմանափակումներ մշակել՝ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցներին։ Սակայն Ռուսաստանը չի հրաժարվի Եվրոպային գազի հուսալի մատակարարի իր դիրքերից:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԸ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ ԵՆ
Ուկրաինայում Ռուսաստանի հայտարարած «լռության ռեժիմը» շարունակվում է։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ժամը 11:00-ից պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել մի շարք ուղղություններով՝ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ։
Ուկրաինական կողմը հաստատել է 6 ուղղությամբ հումանիտար միջանցքների բացումը: Զելենսկու գրասենյակից տեղեկացրել են, որ Սումի քաղաքից տեղահանվածներին տեղափոխող 2 ավտոշարասյուն արդեն Պոլտավայի մարզում է, 1000-ից ավելի օտարերկրյա ուսանողներ էլ գնացքով են տարհանվել Լվով։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Ուկրաինայից փախստականներին պետք է հնարավորություն տրվի լքել պատերազմական գոտին հնարավոր բոլոր ուղղություններով։
ՌԴ ՊՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՌԴ ՊՆ-ն ամփոփել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության արդյունքները։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է Լուգանսկի և Դոնեցկի ուժերի առաջխաղացման և մի շարք նոր բնակավայրերի՝ ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ անցնելու մասին։ Նրա խոսքով՝ նախօրեին ոչնչացվել է 32 ռազմական օբյեկտ։ Ընդհանուր առմամբ խոցվել է ուկրաինական ավելի քան 2850 ռազմական օբյեկտ։ Նախարարությունից հայտնել են նաև, որ Խարկովի շրջան է հասցվել 120 տոննա հումանիտար օգնություն։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն՝ մարտեր են ընթանում մի շարք ուղղություններով: Կիևի պաշտպանության ուժերը շարունակում են պաշտպանել մայրաքաղաքը։ «Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում ռուսական կողմի ռազմաօդային ուժերին»,- ասված է շտաբի հայտարարության մեջ։