Բազմաբնակարան շենքերի էներգախնայողության հարցը եռօրյա համաժողովի գլխավոր թեմաներից է: Հայաստանում բնակարանային ֆոնդը սպառում է երկրում ընդհանուր օգտագործված էներգիայի 33%-ը: Կառավարությունը քայլեր է իրականացնում՝ բարելավելու էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձացման համար իրավական և տեխնիկական դաշտը:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Հաշվի առնելով գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերում էներգախնայողության հսկայական պոտենցյալը՝ Կառավարության առաջիկա տարիների ջանքերն ուղղված են լինելու բազմաբնակարան շենքերի պատշաճ պահպանման, շահագործման և արդիականացման հարցին:
Բնակֆոնդում կա 40, որոշ դեպքերում՝ մինչև 60 տոկոս էներգախնայողության պոտենցիալ: Օրենքով ամրագրված է, որ նախագծողները, կառուցապատողներն ու շահագործող ընկերությունները նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում պետք է պարտադիր պահպանեն էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական պահանջները:
Տանյա Արզումանյան (ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Համաժողովը «Հաբիթաթ ֆոր ՀյումենիթիԱրմենիա»ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ է իրականացվում: Նպատակը՝ ավելի կենտրոնանալ այն ստանդարների, նորմատիվների վրա, որոնք հնարավորություն կտան ինչպես կառուցման փուլում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում կիրառել էներգախնայողության միջոցառումները:
Վահրամ Ջալալյան (ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շենքերի էներգաարդյունավետության ծրագրի պատասխանատու) - Իրականացնում ենք գոյություն ունեցող խոշոր շենքերի ջերմաարդիականացումը տարբեր ուղղություններով՝ և՛ բազմաբնակարան շեներ, և՛ հասարակական շենքեր: Բավականին սերտ համագործակցում ենք պետության հետ, մասնավորապես, սուբվենցիոն ծրագրերի, տարածքային կառավարման նախարարության հետ:
Մասնագետների խոսքով՝ էներգակիրների սակագների փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների՝ բնակարանները ջեռուցելու հնարավորության վրա: Միջազգային հետազոտության համաձայն՝ երկրի բնակչության առնվազն 30%-ը կարող է համարվել «էներգետիկ աղքատ»: Հայաստանի կառավարությունը փորձում է աջակցել սոցիալապես խոցելի խմբերին, բայց երկարաժամկետ հեռանկարում հասարակական և բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարելավումն այլընտրանք չունի։
Ջոն Ալելո (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի տնօրեն) - Մենք պետք է ապահովենք երկրի համար հուսալի էներգախնայողություն և խրախուսենք էներգետիկ անվտանգությունը:
Դրանք, համաժողովի մասնակիցների համոզմամբ, կարևոր են կլիմայի փոփոխության խնդիրները լուծելու և նաև հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: