Բուքինգհեմյան պալատում Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը մարտի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդին: Այդ մասին ասված է ՄԹ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը դեսպանը շնորհավորել է թագուհուն գահակալման «պլատինե» հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ:
Դեսպանն ընդգծել է իր հանձնառությունը հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին ՄԹ արարողակարգի ղեկավար, Մարշալ Ալիսթր Հարիսոնը, Ֆորին Օֆիսի պաշտոնյաներ, ՄԹ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բրիտանացի խորհրդարանականներ, հոգևորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ալիսթր Հարսոնն իր ողջույնի խոսքում շնորհավորել է դեսպանին հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Դեսպան Ներսեսյանն իր ելույթում նշել է, որ այս տարին ՀՀ և ՄԹ համար խորհրդանշական տարի է, քանզի վերջիններս տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը, ինչը կարևոր հանգրվան է հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին նոր խթան հաղորդելու և համագործակցության հեռանկարային ոլորտներ ուրվագծելու համար:
Այնուհետև դեսպանը հակիրճ ներկայացրել է 3 տասնամյակների ընթացքում հայ-բրիտանական փոխգործակցության ձեռքբերումներն ու ապագա անելիքները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ բարձր գնահատելով ՄԹ կառավարության աջակցությունն այդ գործընթացներին»,- նշված է գրառման մեջ: