Համլետ Հայրապետյան (ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու) - Ունենք հիվանդների հոսքի մեծացում: Հիմա նույնիսկ մահճակալների խնդիր է առաջացել:
Գարնան գալուն պես՝ խրոնիկ, մասնավորապես՝ սրտանոթային հիվանդությունները կրկին սրվել են՝ ասում է սրտաբանը:
Համլետ Հայրապետյան - Մահերի կեսը բաժին է ընկնում սիտանոթային հիվանդություններին:
Սա համաշխարհային վիճակագրություն է՝ նշում է սրտաբանը: Հիվանդությունը երիտասարդացել է, սակայն բարելավվել է դրա վաղ հայտնաբերման և ախտորոշման ցուցանիշը: Պետական օժանդակության ծրագրերը հնարավորություն են տվել ոչ միայն բուժել, այլև ախտորոշել և հնարավորին վաղ հայտնաբերել հիվանդությունը: Սրտանոթային հիվանդությունների առաջացմանը հիմնականում նպաստում են ծխախոտն ու աղի չարաշահումը:
Համլետ Հայրապետյան - Թվում է թե՝ կարծես մանրուք է, բայց շատ կարևոր է հատկապես հիպերտոնիկ, իշեմիկ ու սրտանոթային հիվանդների համար:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում սահմանված նորմայից կրկնակի շատ են աղ օգտագործում:
Մարիամ Մնացականյան (ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ) - Մաքսիմալ քանակը, որ տալիս է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, օրական 5 գրամն է, մեզ մոտ կրկնակի է:
Աղը չարաշահում են հատկապես տղամարդիկ, որոնց մոտ խրոնիկ հիվանդություններն ավելի բարձր ցուցանիշ ունեն:
Մարիամ Մնացականյան - Այս վարքագիծը մենք պետք է փոխենք:
Աղի օգտագործումը նվազեցնելու նպատակով հանրակրթական դպրոցներում մի շարք կանխարգելիչ ծրագրեր են իրականացվում:
Մարիամ Մնացականյան - Բուֆետներում հանվել են աղի խորտիկները, որ պետք է չլինեն:
Աղի հիմնական աղբյուրը հացն է: Մասնագետը համամիտ չէ տարածված տեսակետի հետ, թե Հայաստանում յոդի դեֆիցիտ կա, և դա պետք է լրացնել յոդացված աղ ընդունելով:
Մարիամ Մնացականյան - Յոդի դեֆիցիտ չունենք:
Սահմանափակելով աղի օգտագործումը՝ հնարավոր կլինի հիվանդությունների առաջացման ռիսկը նվազագույնի հասցնել՝ ասում են մասնագետները: Այժմ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ գործում է սիտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որի շրջանակում մի շարք ծրագրեր են իրականացվում:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան