Ծիրանենու բողբոջը դեռ լիարժեք չբացված՝ գյուղատնտեսության ռիսկերն ապահովագրող երեք ընկերություններն արդեն ցրտահարության ահազանգեր են ստանում:
Արմինե Մելքոնյան («ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն) - Մասնավորապես, Արմավիրի մարզից ծիրանի այգիների գարնանային ցրտահարության շատ դեպքեր ունենք:
Արևշատ Մելիքսեթյան («ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ) - Ստացել ենք 376 ահազանգ, որից 49-ը՝ Արմավիրի մարզից, 169-ը՝ Արագածոտնի մարզից, 158-ը՝ Արարատի մարզից:
Դավիթ Ջավախյան («ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության մարզային վաճառքների պատասխանատու) - Արդեն ունենք գյուղացիների կողմից դիմումներ, որ նկատում են ցրտահարություն: Հիմնականում՝ Արմավիր, Արագածոտն, այսօր արդեն Արարատից կային զանգեր:
Ցրտահարվե՞լ է ծիրանենին, թե՞ ոչ՝ ապահովագրական ընկերությունների աշխատակիցները և՛ հիմա, և՛ բերքահավաքի ժամանակ, կպարզեն տեղում: Ծիրանենու ցրտահարության ռիսկի ապահովագրման ժամկետն ավարտվել է փետրվարի 20-ին, կարկտահարության ռիսկի ապահովագրությունը դեռ շարունակվում է: Մեկ ամիս է, ինչ Հայաստանում մեկնարկել է ապահովագրության գործընթացը, և երեք ընկերություններում 2021-ի համեմատ նկատվում է ապահովագրական պայմանագրերի վաճառքի աճ՝ ասում են ընկերությունների պատասխանատուները:
Դավիթ Ջավախյան - Այս պահին ընդհանուր կա կնքված մոտ 300-ից ավել պայմանագրեր, որից ծիրան մշակաբույսի գծով` մոտ 100 պայմանագիր:
Արմինե Մելքոնյան - 2021-ի համեմատ այս տարի ավելի ինտենսիվ են կնքվում պայմանագրեր, գրեթե եռապատկվել է ծավալը մեր պայմանագրերի: 371 պայմանագիր է կնքվել, որից 221-ը ծիրանի ապահովագրությունն է:
Արևշատ Մելիքսեթյան - Այս պահի դրությամբ կնքել ենք 1047 պայմանագիր, 1100 հեկտար տարածք 109 համայնքում: Ընդհանուր գումարային՝ անցյալ տարվա համեմատ մոտ 50 տոկոսով ավել ենք արդեն ապահովագրել:
Ընկերությունների պատասխանատուները հավաստիացնում են, որ բացի անցած տարվա հաճախորդներից՝ ավելացել են նորերը:
Պայմանագրերի թվի ավելացումն ընկերություններում բացատրում են փոխհատուցման նկատմամբ ֆերմերների վստահության ավելացմամբ: Բացի նրանից, որ Կառավարությունը 50-60 տոկոսով սուբսիդավորում է ֆերմերների ապահովագրավճարը, այս տարի նրանց հնարավորություն է տրվել իրենց մասնաբաժին ապահովագրավճարը փոխանցել ոչ թե պայմանագիրը կնքելու պահին, այլ տարաժամկետ եղանակով:
Տարբեր մշակաբույսերի մասով պայմանագրերի կնքումը կշարունակվի մինչև մայիսի 20-ը: