Տիկին Լարիսան Քարկոփ բնակավայրի առաջին բնակիչն է, որի տունն արդեն գազիֆիկացված է։
Լարիսա Ստեփանյան (Շնող համայնքի բնակիչ) - Վերջապես, գազը հասավ մեր Քարկոփ համայնք։ 30 տարի ավել ես էստեղ ապրում եմ, բայց առաջին անգամ, որ սենց ուրախ ենք։
Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայրերը սուբվենցիոն միջոցներով գազիֆիկացվել են։ Բնակիչների համար երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը տարիներ շարունակ անհասանելի երազանք է եղել․ բնակավայրերը գազիֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։
Մարինե Ղումաշյան (Քարկոփի դպրոցի տնօրեն) - 21-րդ դարում ենք, և մեր համայնքը զրկված է բնական գազ ունենալու իրավունքից։
Անահիտ Ամիրջանյան (Թեղուտ համայնքի բնակիչ) - Ավելի շատ կուրախանանք, եթե բոլորիս տներում այս կապույտ վառելիքը սկսի գործել։
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն դրամ, որից 142.8 միլիոնը պետական ներդրում է։
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Համոզված եմ՝ մոտ ապագայում արդեն այդ ջերմությունը կփոխանցվի այլ բնակարաններին։
Ծրագրի արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների շուրջ 300 և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություն գազիֆիկացման հնարավորություն ունեն:
Դավիթ Ղումաշյան (Շնողի համայնքապետ) - Մի ժամանակ, եթե տները տաքացնում էին զուտ փայտ օգտագործելով, հիմա հուսով եմ, որ արագ կկազմակերպեն իրենց կենցաղում կապույտ վառելիք ունենալու գործընթացը։
Վարդան Բաղդասարյան («Հայռուսգազարդ» ՓԲԸ Լոռի ԳԳՄ-ի տնօրեն) - Բնակիչը մեզ դիմում է գրելու։ Մենք օրենքի սահմաններում մարդու գազիֆիկացումը պետք է ապահովենք։
Մարզի ղեկավարի վստահեցմամբ՝ բնակավայրերի գազիֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրները, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից։
Արամ Խաչատրյան - Մարզը 95 տոկոսով գազիֆիկացված է։ Եվ, հուրախություն լոռեցիներիս, ամենագազիֆիկացված մարզն է Հայաստանում։
Մարզի ղեկավարը բնակիչներին խոստացավ, որ հնարավորությունների սահմաններում կաջակցեն բնակավայրերի կրթօջախները գազիֆիկացնելու և լոկալ ջեռուցման համակարգերով ապահովելու գործում։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան