Մարտի 15-ից հանրային սննդի կետերում կարգելվի ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Խորհրդարանն օրենքն ընդունել էր դեռ 2020-ին, բայց վերջին շրջանում Հայաստան են ներկրվել փոխարինիչների տեսակներ, որոնք կարգավորման տիրույթից դուրս են:
Առողջապահության նախարարությունը գտել է խնդրի լուծումը՝ օրենքում կավելացվի «խառնուրդ» բառը:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Ընդամենը այս մեկ բառով փորձում ենք լուծել այն ծխախոտային արտադրատեսակների բացը, որոնք էլեկտրոնային են, սակայն աշխատում են ոչ թե լուծույթի, այլ պինդ նյութի միջոցով, որը պարունակում է նիկոտին և այդ պինդ նյութը գոլորշիանալով օգտագործվում է:
Արդեն 1 տարուց ավելի է՝ ծխելն արգելված է հասարակական տրանսպորտում, կանգառներում, մասնավոր մեքենայի վարորդին, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում, հուշարձանների տարածքներում, առողջապահական, կրթական ու մարզական շենքերում ու մուտքերի մոտ, պետական կառույցներում: 2022-ի հունվարի 1-ից էլ արգելվեց ավանդական ծխախոտի, տաքացվող ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտինային արտադրատեսակի՝ վեյպի, նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ծխախոտային արտադրատեսակներից տարեկան մահանում է 5500 մարդ:
Ազգային ժողովի արտահերթ նիստում հրատապ ընթացակարգով քննարկումից հետո օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց «65» կողմ ձայնով: Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկեցին ձեռնպահ, առաջիկայում կներկայացնեն կարգավորման օրինագծի իրենց տարբերակը:
Օրակարգի երկրորդ հարցով հավանություն տրվեց նաև Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև այս տարի ստորագրված նամակ-համաձայնագրի վավերացմանը: Դրանով Հայաստանին շուրջ 70 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրվի:
Այն կուղղվի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան