Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից մեդալ ստանալու հույսեր են պահպանում Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):
Մինասյանը մեդալի համար կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչկեմետիի հետ: Բրոնզե մեդալի համար պայքարում Սահակ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի իտալացի Իգնասիո Սանֆիլիպպոն, իսկ Շանթ Խաչատրյանը կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցչի հետ:
Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էին ստացել նաև 55 կգ քաշային Ազատ Սեդրակյանը, 63 կգ քաշային Վլադիմիր Հարոյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, ովքեր, սակայն, պարտվել են վճռորոշ գոտեմարտերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում հանդես են եկել նաև 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը և 97 կգ քաշային Հայկ Խլոյանը, ովքեր պարտվել են մեկնարկային գոտեմարտերում:
Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն նաև ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս ստուգատեսում կունենա 8 ներկայացուցիչ:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Պլովդիվ են մեկնել Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):
Թիմին մրցավայր կուղեկցեն նաև մարզիչներ Ժիրայր Հովհաննիսյանն ու Կարապետ Ենգոյանը: