Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ֆրանսիա-Հայաստան համագործակցության հեռանկարներ» համաժողովի բացման արարողությանը:
Համաժողովի մեկնարկին իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական կապերը կարևոր հիմք են հանդիսացել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման համար:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած 30-ամյա հայ-ֆրանսիական հարուստ օրակարգին՝ առկա են համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ, մասնավորապես՝ տնտեսական, ենթակառուցվածքների, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում:
Շեշտվել է, որ առկա է երկուստեք վճռականություն՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով ընդլայնելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը՝ այն համահունչ դարձնելով երկու ժողովուրդների բարեկամությանն ու բարձրաստիճան սերտ քաղաքական երկխոսության մակարդակին։
Որպես տնտեսական օրակարգի զարգացման կարևոր հանգրվան առանձնահատուկ կարևորվել է նախորդ տարվա դեկտեմբերին Փարիզում կայացած տնտեսական հարցերով աշխատանքային խմբի համատեղ հանդիպումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզի ստորագրումը:
Ամփոփելով ելույթը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնց խորացման ու ամրապնդման համար առկա է երկկողմ պատրաստակամություն և մեծ ներուժ։