Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 29, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, ծանր վիրավորանքի՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 8, ընտանեկան բռնության՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, երեխային դաստիարակելու պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակման, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: