ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ շուկայում ի հայտ են եկել նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում:
Այսպես, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող օրենքով նախատեսված «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը՝ ներառելով նաև վերոնշյալ արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր մոտեցումներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ, և վերահսկողության ընթացում խոչընդոտներ չստեղծվեն:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 թվականի մարտի 15-ին ուժի մեջ է մտնում գործող օրենքով նախատեսված դրույթը, ըստ որի՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը նաև հանրային սննդի օբյեկտներում, ներկայացված նախագծի ընդունումը համարվել է հրատապ և ներկայացվել Ազգային ժողով, որպեսզի ուժի մեջ մտնող դրույթը կիրառելի լինի ծխախոտային արտադրատեսակների բոլոր տեսակների փոխարինիչների նկատմամբ»,- ասաց Լենա Նանուշյանը:
Օրենքի նախագծում ծխախոտային արտադրատեսակների սահմանման մեջ «լուծույթ» բառը լրացվում է «նյութ» բառով:
«Ընդամենը այս մեկ բառով փորձում ենք լուծել այն ծխախոտային արտադրատեսակների բացը, որոնք էլեկտրոնային են, սակայն աշխատում են ոչ թե լուծույթի միջոցով, այլ պինդ նյութի միջոցով, որը պարունակում է նիկոտին: Այդ պինդ նյութը գոլորշիանալով օգտագործում է»,- ասաց Նանուշյանը: