ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում գազատարի վնասմանը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը ՀՀ-ից Արցախ մտնող գազատարը վնասվել է: Ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։
«Լիսագորի հատվածում գազատարը վնասված է: Քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն Ռուսաստանն է, որն այլ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե հակառակորդը դրանից օգտվելով՝ որոշ դժվարություններ է փորձում առաջացնել նաև արցախյան հատվածում»,- ասաց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, գազատարի հետ կապված խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները:
«Խոսքը Ռուսաստանի ու Ադրբեջանի երկխոսության մասին է: Ենթադրում եմ՝ Արցախի Հանրապետության ղեկավարությունն ունի իր մասնակցությունը»,- ասաց նա: