Ազգությամբ եզդի 12 ուսուցիչ պարգևատրվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով՝ կրթության, դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար և ՇԱՄՍ հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Եզդիների ազգային միության ներկայացուցիչ, ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հասան Թամոյանը այս իրադարձությունը պատմական որակեց:
Հասան Թամոյան (Եզդիների ազգային միության ներկայացուցիչ) - Ինչո՞ւ եմ ասում պատմական, քանզի աշխարհի և ոչ մի երկում, ՀՀ-ից զատ, էզդի մարդը, իր մայրենի էզդիկիով (եզդիերենով) կրթություն չի ստացել և չի ստանում: Այո, միայն Նաիրյան երկրի այս հատվածում է, որ էզդի մարդը մեկ հարյուրամյակից ավելի ժամանակ է, շարունակում է ստանալ նաև էզդիկի մայրենիով կրթություն:
Եզդիերեն և եզդի գրականություն դասավանդվում են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի, ինչպես նաև Երևանի 40 դպրոցում: Մերօրյա եզդիերեն դասագրքերը Հայաստանում սկսել են վերահրատարակվել ու լույս տեսնել 2005 թվականից: Այժմ արդեն դասագրքեր կան 1-12-րդ դասարանների համար:
Հասան Թամոյանը, սակայն, ընդգծում է՝ խնդիրներ ևս կան: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը չունի բարձրագույն կրթություն: Նազիկ Կակոյանը, որ եզդի համայնքում դպրոցի դեռևս առաջին ու միակ կին տնօրենն է, նույնպես բարձրագույն կրթության խնդիրն է շեշտադրում:
Նազիկ Կակոյան (Արագածոտնի մարզի Ռյա Թազայի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Ես կուզենայի՝ մանկավարժական համալսարանում Աբովյանի անվան, լիներ գոնե մեկ փոքրիկ ֆակուլտետ, որտեղ կսովորեին եզդի ուսանողներ, եզդի երեխաներ հենց միայն նրա համար, որ դպրոցներում պարապեին եզդիերեն, որովհետև մենք անցնում ենք դասաժամը, բայց չունենք համապատասխան մասնագիտացված ուսուցիչներ:
«Նախարարությունը կարևորում է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը և բոլոր հնարավոր քայլերն իրականացվում են՝ ուսուցման որակը բարելավելու համար»,- ասաց հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Արսեն Բաղդասարյան (ՀՀԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Անցած տարի մեկնարկեց և փորձարկվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, այս տարի ազգային փոքրամասնությունների լեզուներով դասավանդող ուսուցիչների համար եւս նախատեսվելու է, որ իրենք կարող են անցնել կամավոր ատեստավորման գործընթացով ...
Կամավոր ատեստավորումը, հիշեցնենք, ուսուցչի աշխատավարձի բարձրացում է ապահովում: Բաղդասարյանը նշեց նաև, որ խնդիրներն աստիճանաբար լուծվում են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան