Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվել է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:
Հաշվի առնելով Հայաստանի շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը և օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի» բառից հետո ավելացնել «խառնուրդի» բառը:
«Կողմ՝ 65, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 30: Որոշումն ընդունվել է»,- հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: