Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ստացել է գաղտնի փաստաթղթեր, որոնք հաստատում են Ուկրաինայի կողմից մարտին Դոնբասում ռազմական գործողություն իրականացնելու մտադրության փաստը՝ գրում է РИА Новости-ն։
Ըստ փաստաթղթի՝ Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանը 2022 թվականի հունվարի 22-ին գաղտնի հրաման է արձակել Դոնբասում ուկրաինացի զինվորականների հնարավորությունների հզորացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ՝ ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Փետրվարի 24-ից ՌԴ զինված ուժերի իրականացրած հատուկ ռազմական գործողության արդյունքում կանխվել և խափանվել է ուկրաինական զորքերի հարվածային խմբերի՝ այս տարվա մարտին ծրագրված լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վրա, որոնք չէին վերահսկվում Կիևի կողմից»,- նշել է Կոնաշենկովը։
Ուկրաինացի գեներալ Բալանը հունվարի վերջին հայտարարել էր, որ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարեց իր գործընկերներին Դնեպրում։