Հայաստանը ընտրական մարմինների ինքնավարության էական վերելք է գրանցել. Varie-ties of Democ-racy ինստիտուտը հրապարակել է 2021 թ. ժողովրդավարության զեկույցը: Հայաստանը, բարելավելով արդյունքները, «Ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» կատեգորիա: Այն ներառում է հինգ բաղադրիչ՝ միավորվելու իրավունքը, ընտրական իրավունքը, ազատ և արդար ընտրությունները, գործադիրի ընտրությունը, արտահայտվելու ազատությունը և այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները:
Ըստ ինստիտուտի վերջին տարիներին Հայաստանը բարելավել է ցուցանիշները այլընտրանքային տեղեկատվության հասանելիության առումով: Դա ենթադրում է, որ մեդիադաշտում առավել շատ են հանդիպում տարբեր քաղաքական տեսակետներ և Կառավարությանն ուղղված քննադատություն։ V-Dem-ը խնդրահարույց է համարել այլ երկրներից տարածվող կեղծ լուրերը: 2020-ից նման լուրերի ակտիվացում է նկատվում:
Հայաստանում վերջին տարիներին նվազել են քաղաքական աջակցության համար գումար, ծառայություն մատուցելու դեպքերը: Այս ինդեքսում լավագույն արդյունքը գրանցվել է 2019-ին: 2018-ից բարձրացել է նաև կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Այսպիսով, Հայաստանը, Վրաստանի և Ուզբեկստանի հետ ճանաչվել է Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի ժողովրդավարացող երկիր: Զեկույցի համաձայն՝ 2011-ից ի վեր տասը ժողովրդավարացող երկրներից երեքը, այդ թվում՝ Հայաստանը, այս գործընթացը սկսել է վերջին 3 տարվա ընթացքում:
V-Dem-ի ուսումնասիրությունները օգտագործվում են գիտական համայնքի կողմից։ Ինչը նշանակում է, որ Հայաստանի գրանցած հաջողությունը առնվազն գիտական տեսանկյունից ողջունելի է։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան