Եվրոպան ծրագրում է այս տարի կրճատել ռուսական բնական գազի սպառումը՝ պատրաստվելով Ուկրաինայում ընթացող գործողությունների պատճառով ամբողջովին խզել կապն էներգիայի իր միակ ամենամեծ մատակարարի հետ՝ գրում է CNN-ը:
ԵՄ պաշտոնյաները երեքշաբթի ներկայացրել են մինչև 2030 թվականը Մոսկվայից էներգետիկ անկախության հասնելու ծրագիրը: Եվրամիությունը կսկսի այս տարի ռուսական բնական գազի պահանջարկը նվազեցնել երկու երրորդով։ Այդ ծրագրերը կքննարկվեն հինգշաբթի՝ Ֆրանսիայում կայանալիք ԵՄ առաջնորդների արտակարգ գագաթնաժողովում։
«Մենք պետք է անկախանանք ռուսական նավթից, ածուխից և գազից»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մենք չենք կարող հույս դնել մատակարարի վրա, որը բացահայտ սպառնում է մեզ»,- ասել է նա:
Եվրամիությունը բնական գազի մոտ 40%-ը ստանում է Ռուսաստանից: Միության 27 երկիր Ռուսաստանի նավթի ներմուծումը կազմում է մոտ 27%, ածուխինը՝ 46%:
ԵՄ առաջնորդները, միաժամանակ, հստակեցրել են, որ դաշինքը առայժմ չի կարող միանալ ռուսական նավթի ներմուծման՝ ԱՄՆ-ի արգելքին, քանի որ այն բացասական ազդեցություն կունենա տնային տնտեսությունների և ձեռնարկությունների վրա: Նրանք արդեն բախվում են վառելիքի և ջեռուցման ռեկորդային բարձր գներին: Եվրոպան ավելի շատ էներգիա է ստանում Ռուսաստանից, ոչ թե ԱՄՆ-ից կամ Միացյալ Թագավորությունից: