ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:
Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը: