Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը:
Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած հերոսների:
2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը։
2021 թվականին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44 415 ահազանգ։ Տարվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար՝ նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։
2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով զոհվել է 16 մարդ, տուժել՝ 149-ը (2020 թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը։
Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհայտ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները. ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն:
Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք՝ նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:
Բերքահավաքի անկորուստ կազմակերպման և հակահրդեհային ապահովման նպատակով տվյալ ժամանակահտվածում իրականացվել է ուժեղացված ծառայություն. հրդեհավտանգ շրջաններում տեղակայվել են հրշեջ հենակետեր։
Հաշվետու տարում Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է հացահատիկային մշակաբույսերի հրդեհի 4, այգիների՝ 10 դեպք, որոնցից 3-ի դեպքում բռնկման պատճառ է հանդիսացել հակառակորդի կողմից արձակված գնդակը:
Գրանցվել է բնակելի տներում հրդեհի 41 դեպք։
Ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության տարածքում հրդեհների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 63 650 409 ՀՀ դրամ։
Ծառայության տեսուչների կողմից աշխատանքներ են տարվել հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:
Հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններով հրահանգավորվել է 15.759 քաղաքացի:
Ավարտին են հասցվել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճկների բաժնի մշտական տեղակայման վայրի շինարարական աշխատանքները, բարեկարգվել է հարակից տարածքը, վերանորոգվել են ծառայության կենտրոնական ապարատի մասնաշենքերն ու անձնակազմի կացարանները: Անձնակազմի շենքային պայմանների բարելավման աշխատանքները շարունակվում են:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացնելով 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և 2022 թվականի համար նախատեսվող միջոցառումների համալիրը։
Ամփոփելով նիստը՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ծառայության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի:
Կարեն Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել նիստին մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, ելույթների ընթացքում բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և ընթացիկ տարվա մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:
«Ընդհանուր առմամբ, 2021 թվականը ծառայության համար բարդ տարի էր, սակայն, մենք այն հաղթահարեցինք պատվով: Ուստի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները գնահատում եմ բարձր և շնորհավորում եմ բոլոր այն ծառայողներին, ովքեր այսօր արժանացան պարգևների:
Դուք գիտեք, որ ինձ համար գոյություն չունի ես-ի ու դու-ի տրամաբանությունը, կա «ՄԵՆՔ» հասկացությունը, ուրեմն մենք միասին կարող ենք անել ավելին: Շնորհակալ եմ բոլորիդ անմնացորդ նվիրումի համար ու մաղթում եմ բարի ծառայություն՝ 2022 թվականի մարտահրավերներին դիմակայելու համար»,- եզրափակել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: