Մարտի 8-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է Արցախի Խրամորթ համայնքը՝ գյուղի ուղղությամբ 60 միլիմետր տրամաչափի ականանետից արձակելով 3 ական՝ հաղորդում է Պաշտպանության բանակը: Բարեբախտաբար, տուժածներ չկան, գյուղացիների միակ մտահոգությունը երեխաներն են:
Ֆյոդր Օհանյան (Խրամորթ համայնքի ղեկավար) - Մենք հասկանում ենք, որ թուրքն ուզում է վախեցնել, ուզում է այնպես անել, որ մենք թողենք ու գնանք, բայց դա փոքր երեխային մենք չեն կարող բացատրել:
Վարդուհի Բաղդասարյան (Խրամորթի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի) - Երեխան տանը ապահով չէ, դրսում ապահով չէ, գյուղում ապահով չէ: Այ, սա է իրավիճակը մեր:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ սա դասական ահաբեկչություն է: Նույն Խրամորթի մոտ ադրբեջանցի զինծառայողներն օրեր առաջ ձայնագրություն էին միացրել, որում սպառնում էին ուժ կիրառել:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանական իշխանությունները նախկինում երբ խոսում էին, որ այս դեպքերը հատուկենտ են և սիստեմատիկ բնույթ չեն կրում, ապա այժմ բոլորս տեսնում ենք, որ բոլոր գործողություններն իրականացվում են համակարգված և ուղղորդվում են մեկ կենտրոնից, որովհետև նրանք ստանում են նաև ադրբեջանական քարոզչամեքենայի աջակցությունը, քանի որ բոլոր նման դեպքերում միշտ արտահայտվում են ադրբեջանական տարբեր ալիքներով:
Սադրանքներից առաջ ադրբեջանական կողմը տեղեկատվական ֆոն է ստեղծում՝ փորձելով հրադադարի խախտումները ներկայացնել, իբր, պատասխան գործողություններ՝ ասում է Արցախի խորհրդարանի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ինչ-որ սադրանքներ սպասելի էին, բայց ոչ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարին թիրախավորելը:
Արամայիս Աղաբեկյան (Արցախի ԱԺ պատգամավոր) - Փորձում են անհնար-հնարավոր ճանապարհներով հասնել նրան, որ իրենց պահանջի արդյունքում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար փոխվի: Սա այն կարմիր գիծն է, որն անցնելով՝ կարող են ստեղծել տպավորություն, որ իրենք ամենակարող են:
Ադրբեջանական դիրքի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով երկրորդ օրն է՝ Արցախում գազամատակարարում չկա: Երեկ ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Արցախի իրավապահների և մատակարար ընկերության մասնագետների մուտքը տարածք:
Գեղամ Ստեփանյան - Ադրբեջանական կողմը մշտապես հումանիտար տարբեր խնդիրներ է առաջացրել Արցախում: Եթե կհիշեք, նաև կապի խնդրի հետ կապված, որոշ համայնքներում՝ նաև ջրի մատակարարման խնդիրները: Այսինքն՝ որևէ ձևով ես անձամբ չեմ բացառում և շատ հավանական եմ համարում, որ հենց ադրբեջանական կողմն է պայթեցրել կամ վթարի պատճառն է:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ երեկվանից բանակցություններ են ընթանում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորներն այսօր վթարի տարածքում իրականացրել են հետախուզական աշխատանքներ՝ հայտնել են Արցախի ներքին գործերի նախարարությունից: