Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիների մեծ մասը՝ 1 մլն 595 հազար 826 անձ, ճամփորդել և հանգստացել է մեր երկրի տարածքում: Սա 52.6 տոկոսով ավելի է համավարակային 2020-ի և 3.3 տոկոսով զբոսաշրջային առումով ամենաակտիվ 2019-ի համեմատ: Վիճակագրական տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներին: Քաղաքացիների 77 տոկոսը ճամփորդել է հանգստի և ժամանցի, 15.5-ը՝ գործնական, 4.2-ը՝ բուժման, 0.8 տոկոսը՝ կրթության, իսկ 2.5 տոկոսը՝ այլ նպատակով:
Յաշա Սոլոմոնյան («Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Մենք ունենք ներքին զբոսաշրջության ոլորտում աննախադեպ խոշոր աճ, ինչը ես և նաև մեր մասնագիտական հանրույթը համարում ենք շատ դրական զարգացում, որովհետև բնակչության շատ խոշոր հատվածը սկսում է ակտիվ ճամփորդել երկրի ներսում, բացահայտել երկիրը, ճանաչել, ինչը բնականաբար նաև դրական ազդեցություն կարող է ունենալ ենթակառուցվածքների զարգացման վրա, հատկապես՝ գիշերակացների, ռեստորանների և այլ մասով:
Կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտի վերականգնման գործընթացը սկսվել է հենց ներքին զբոսաշրջությունից, կարծում է տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Ցանկացած ճգնաժամային իրավիճակից երբ ասում ենք նաև հնարավորություններ են ստեղծվում, կարծես թե մենք սկսեցինք արժևորել ավելի շատ և սկսել ավելի ճանաչել և առաջին անգամ հենց ներքին զբոսաշրջությամբ է, որ մենք 2019-ի ցուցանիշը թեկուզ մի փոքր, բայց գերազանցեցինք:
Տարվա եղանակից կախված՝ քաղաքացիները հանգստի են մեկնում տարբեր մարզեր: Օրինակ ամռանը, ըստ Յաշա Սոլոմոնյանի, մարդիկ նախընտրում են այցելել Գեղարքունիք, Տավուշ, Լոռի և Վայոց ձոր: Ակտիվացել է նաև արշավական զբոսաշրջությունը՝ զարգացնելով դեպի Սյունիք ուղղությունը: Ձմռանը ևս ոլորտը ակտիվ է:
Յաշա Սոլոմոնյան - Ամանորի շրջանում Ջերմուկում, Ծաղկաձորում, Գյումրիում անհնար էր որևէ ազատ տեղ գտնել: Կառանձնացնեմ, իհարկե, նաև Գյումրին, որը վերջին տարիներին էսպես ակտիվ զարգացում է գրանցում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում: Ու նաև ամառվա սեզոնին՝ հատկապես հանգստյան օրերին, եթե գնում ես Գյումրի, գրեթե անհնար է գտնել որևէ ազատ համար հյուրանոցներում:
Հայաստանում բոլոր տարիքի մարդկանց համար էլ հետաքրքիր հանգստի տարբերակներ կան՝ առողջարանային պասիվ հանգստից մինչև արկածային զբոսաշրջություն, գներն էլ համեմատության մեջ մրցունակ են, նշում է Մեխակ Ապրեսյանը:
Մեխակ Ապրեսյան - Մենք շատ սիրում ենք համեմատվել հարևան երկրների՝ Վրաստանի հետ, ասելով, որ՝ տեսեք ինչ էժան կարելի է հանգստանալ ծովային այդ հանգստավայրերում. ոչ, եթե մենք իրական համեմատություն անենք, համեմատենք, համեմատելի մեծություններ կտեսնենք, որ մենք նույնպես ունենք շատ լայն գնային դիապազոն և նույնիսկ գին-որակ հարաբերակցության մեջ մենք ավելի մրցունակ ենք:
Մասնագետները վստահ են՝ ներքին զբոսաշրջության աճի տենդենցը կարող է շարունակական լինել, իսկ Հայաստանը ճանաչելը կօգնի նաև երկիրը լավ ներկայացնել օտարերկրացիներին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան