Խոշոր չափի խարդախություն, երկու դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում: Վարդենիս համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանի ենթադրյալ չարաշահումներ կատարելու գործը առաջիկայում դատարանում կլինի: ՏԻՄ ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորած Հարությունյանը վաղն ազատ կարձակվի. դատարանը չի բավարարել կալանքը երկարաձգելու քննիչի միջնորդությունը: Գործի նախաքննությունն ավելի քան երեք տարի է տևել:
Թորգոմ Չանդոյան (Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ) - Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության նախկին պետ Արամ Հարությունյանը 2008 թվականի ընթացքում իր աշխատասենյակ է հրավիրել աշխատակիցներ Արտեմ Խաչատրյանին և Ներսես Թովմասյանին, մշակել հանցավոր պլան այն մասին, որ սոցիալական աջակցության համակարգչային բազայում անհրաժեշտ է մուտքագրել սոցիալական նպաստառուների վերաբերյալ տվյալներ, և այդ տվյալների մուտքագրման արդյունքում հափշտակել առանձնապես խոշոր չափի գումար:
Քննչական բաժնի պետը մանրամասնում է, որ առաջադրանքն իրագործվել է՝ Հարությունյանի աշխատակիցները 200 և ավելի անձանց վերաբերյալ տվյալներ են մուտքագրել համակարգչային բազա և 2008-ից մինչև 2018 թվականը հափշտակել շուրջ 277 միլիոն դրամ:
Թորգոմ Չանդոյան - Նրանք նպաստառուների վերաբերյալ ցուցակներում մուտքագրել են կեղծ տվյալներ, նաև ստորագրել նրանց փոխարեն և այդ տվյալները փոխանցելով «Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներին՝ այդկերպ նրանցից վերցրել են հափշտակված գումարները և խարդախությամբ ամբողջությամբ յուրացրել են դրանք:
Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ 2017-18 թվականներին, երբ Հարությունյանը զբաղեցնում էր համայնքապետի պաշտոնը, թույլատրել է Վարդենիսի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում ընդհանուր օգտագործման համար նախատեսված հողակտորի վրա ապօրինի շինություններ կառուցել: Բացի Հարությունյանից, մեղադրյալ են նաև նրա երկու աշխատակիցը: Ըստ Թորգոմ Չանդոյանի՝ նրանք ընդունել են իրենց մեղքը և պատրաստ են վերականգնելու պետությանը պատճառված ամբողջ վնասը, վնասի մի մասն արդեն վերադարձվել է:
Հարությունյանի պաշտպան Հակոբ Մելքոնյանը հրաժարվեց մեկնաբանությունից՝ նշելով, թե զբաղված է: Մայր գործով նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան