Պաշտոնական Կիևը հնարավոր է համարում Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարցի լուծումը: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Մենք կարող ենք քննարկել հարցեր՝ կապված ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների մասին, որոնք Ռուսաստանից բացի ոչ ոք չի ճանաչել, մենք կարող ենք փոխզիջում գտնել: Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են այդ տարածքներում ապրելու այն մարդիկ, ովքեր ցանկանում են Ուկրաինայի մաս լինել: Ո՞վ Ուկրաինայում կցանկանա ընդունել նրանց: Հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը։
Զելենսկին Մոսկվայի կողմից ճանաչման հարցի առաջադրումը որակել է որպես «հերթական վերջնագիր» և շեշտել՝ Ուկրաինան պատրաստ չէ կապիտուլյացիայի:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Զելենսկին հայտարարել է, որ կորցրել է հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ համոզվել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։
«Դաշինքը վախենում է հակասական թեմաներից և Ռուսաստանի հետ առճակատումից»,- նշել է Զելենսկին։
Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինայում մահերի համար պատասխանատու է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը, որը հրաժարվում է փակել Ուկրաինայի օդային տարածքը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի հակամարտությունը դուրս չի գա այդ երկրի սահմաններից՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում նրա համար, որ հակամարտությունը չսրվի: Դաշինքն իր ներկայությունը զգալիորեն ամրապնդել է արևելքում. մենք բարձր պատրաստվածության 130 ինքնաթիռ ունենք, ավելի քան 200 նավ՝ հյուսիսից մինչև Միջերկրական ծով, լրացուցիչ հազարավոր զինվորականներ ենք տեղակայել տարածաշրջանում»,- նշել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Դաշինքի տարածքի յուրաքանչյուր միլիմետրը։
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՐԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Եվրահանձնաժողովը գրավոր պատասխան է պատրաստում ԵՄ-ին անդամակցության՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումներին։ Պաշտոնական Կիևը, սակայն, կարծում է, որ Ուկրաինայի դիմումը պետք է առանձին դիտարկվի Վրաստանի և Մոլդովայի դիմումներից, ինչի մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան:
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությանը՝ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է․ «Հարկավոր է զգույշ լինել և չտալ հույսեր, որոնք հետո չենք կարողանա արդարացնել»։
ՌԴ-Ն ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 11:00-ին «լռության ռեժիմ» է հայտարարել՝ բացելով մարդասիրական միջանցքներ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար:
ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևի խոսքով, սակայն, Ուկրաինայի իշխանությունները հաստատել են ուկրաինական քաղաքներից մարդկանց տարհանման 10 երթուղուց միայն մեկը՝ Սումի քաղաքից Պոլտավայով մինչև Լեհաստանի հետ սահման։
«Տարհանման հիմնական ուղղությունները դեպի Ռուսաստան Կիևը կտրականապես մերժում է»,- հավելել է պաշտոնյան։
Միզինցևը հայտնել է նաև, որ Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքով տարհանվել է 723 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշել է՝ Ուկրաինայից փախստականների թիվն անցել է 2 միլիոնը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ուկրաինայում իրադրությանը տեսակապի միջոցով անդրադարձել են նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Ծինպինը հայտարարել է, որ անվտանգային հարցերում անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր երկրների մտահոգությունները։
«Հարկավոր է հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- հավելել է նա՝ ընդգծելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը։
Չինաստանի առաջնորդը նշել է նաև, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կազդեն համաշխարհային ֆինանսական համակարգի, էներգետիկայի, մատակարարման շղթայի կայունության վրա և նոր բեռ կդառնան բոլոր երկրների տնտեսության համար։
Մակրոնը և Շոլցն իրենց հերթին արտահայտվել են ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորելու օգտին։
ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Ռուսաստանի դեմ արդեն սահմանվել է մոտ 5500 պատժամիջոց, ավելի շատ, քան Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ: Խոսքը հիմնականում անհատական սահմանափակումների մասին է։
Ռուսաստանի դեմ ամենաշատ պատժամիջոցներ սահմանած երկրների և կառույցների թվում են Եվրամիությունը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Կանադան, Ավստրալիան և ԱՄՆ-ը:
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է պատժամիջոցների ֆոնին քաղաքացիների և բիզնեսի աջակցության սոցիալ-տնտեսական համալիր միջոցառումներ:
Նշվում է, որ Կառավարության մշակած նախաձեռնությունը միտված է պաշտպանելու երկրի ազգային շահերը այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողություններից։
Միաժամանակ ընդլայնվում են ՌԴ կառավարության լիազորությունները․ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է գործունեության մի շարք ձևերի համար դյուրացնել արտոնագրերի ստացման և երկարաձգման գործընթացները։