Երեկ ուշ երեկոյան ավարտվեց ավելի քան 3 ժամ տևած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Պատվիրակությունների ներկայացուցիչները արձանագրեցին՝ էական առաջընթաց գրանցել չի հաջողվել։ Կողմերը քննարկել են գլխավորապես հումանիտար միջանցքների հարցը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական և Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարդասիրական միջանցքների նյութատեխնիկական ապահովումը բարելավելու շուրջ, հավելել՝ կրակի դադարեցման հարցով խորհրդակցությունները կշարունակվեն։
Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, իր հերթին, հայտնել է, որ բանակցություններից ռուսական կողմի սպասումները չեն արդարացել։ «Ռուսական կողմը հուսով է, որ մարդասիրական միջանցքները կսկսեն գործել, ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ դա տեղի կունենա։ Հուսով ենք նաև, որ վաղ թե ուշ Ուկրաինայի հետ լուծում կգտնենք Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցում»,- նշել է նա։ Մեդինսկին ընդգծել է նաև, որ ռուսական կողմն ակնկալում էր արձանագրություն ստորագրել ուկրաինական պատվիրակության հետ, սակայն դա նույնպես չի հաջողվել։
Լեոնիդ Սլուցկի (Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար) - Մենք կոնկրետ առաջարկներ էինք բերել Բելառուս։ Ուկրաինական կողմը կուսումնասիրի դրանք: Փաստաթղթերի նախագծերում առկա են քաղաքական ասպեկտներ, ապազգայնականացմանը, ապառազմականացմանը և Ուկրաինայի չեզոք կարգավիճակին վերաբերող հարցեր:
Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Երկու երկրների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ամենասեղմ ժամկետներում։
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Բելառուսում կայացավ բանակցությունների երրորդ փուլը, կցանկանայի ասել, որ դա վերջինն է, սակայն մենք իրատես ենք։ Հետևաբար, կխոսենք, կպնդենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գտել միջոց՝ ասելու մեր ժողովրդին, թե ինչպես հասնել խաղաղության։
Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հերքել է լուրերը, թե լքել է Կիևը։ Ուկրաինայի նախագահը նաև հրամանագիր է ստորագրել՝ միջազգային տարբեր խաղաղապահ առաքելություններում ներգրավված ուկրաինացի խաղաղապահներին հետ կանչելու մասին:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքին է անդրադարձել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ հավելյալ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն չկա:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ցանկանում եմ ընդգծել, որ զինվորական ծառայություն անցնող անձինք չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին։ Պահեստազորի լրացուցիչ զորակոչ նույնպես չի անցկացվի։ Հատուկ գործողության շրջանակում դրված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները։ Վստահ եմ՝ նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը։
ՌԴ-Ն ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 11:00-ին, լռության ռեժիմ է հայտարարել՝ բացելով մարդասիրական միջանցքներ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար:
«Ռուսական կողմը պատրաստ է նաև հումանիտար միջանցքներ տրամադրել Կիևից և հարակից բնակավայրերից Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան բնակչության տարհանման համար։ Նախաձեռնությունը համաձայնեցված է ուկրաինական կողմի հետ»,- ասված է Ուկրաինայում Ռուսաստանի հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի զինված ուժերը կազմակերպել են ավելի քան 173000 մարդու տարհանում Ռուսաստան։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշել է, որ Ուկրաինայից փախստականների թիվը մոտակա օրերին կհասնի 2 միլիոնի։
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Մարտի 8-ի դրությամբ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը, սակայն նրանց առաջխաղացման տեմպերը զգալիորեն նվազել են՝ հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Փոխանցվում է, որ մարտեր են շարունակվում Չեռնիգով քաղաքի համար։
«Կիևի պաշտպանության ուժերը շարունակում են ապահովել մայրաքաղաքը պաշտպանության արտաքին գծի և լրացուցիչ սահմանված տարածքների պաշտպանությունը։ Շարունակվում են պաշտպանական գործողությունները հարավային, արևելյան և հյուսիսային օպերատիվ գոտիներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ռուսաստանի ՊՆ փոխանցմամբ՝ Ուկրաինայում ոչնչացվել է 26 ռազմական օբյեկտ, ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ուժերը վերահսկողության տակ են վերցրել մի շարք բնակավայրեր։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնում են, որ Ժիտոմիրում և Չեռնյախով գյուղում ավիահարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում։ Մոտակա բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհը մարվել է։
ՌԴ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Եթե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լուրջ է տրամադրված, ապա մենք՝ որպես երկու դիվանագետ, կզրուցենք իրար հետ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։ Նշվում է, որ նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին։ Կուլեբան նշել է՝ Ուկրաինան ցանկանում է ուղիղ բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև: Սերգեյ Լավրովն ավելի վաղ հաստատել էր Անթալիայում Դմիտրո Կուլեբայի հետ հանդիպելու պատրաստակամությունը։
ՌԴ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ԱՄՆ վարչակազմը դեռևս որոշում չի կայացրել ռուսական նավթի ներկրումն արգելելու վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որևէ որոշում չի կայացրել նաև Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու՝ Կոնգրեսի անդամների նախաձեռնության մասով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել է, որ Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումները հնարավոր չէ դադարեցնել մեկ ժամվա ընթացքում։ Ավստրալական մի շարք նավթային ընկերություններ, այնուհանդերձ, հայտարարել են Ռուսաստանից հում նավթի գնումը դադարեցնելու մասին։
Ճապոնիան էլ արգելել է նավթավերամշակման սարքավորումների արտահանումը Ռուսաստան։
Ռուսական նավթից հրաժարվելը համաշխարհային շուկայի համար աղետալի հետևանքների կհանգեցնի՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Եվրոպական շուկայում հնարավոր չի լինի արագ փոխարինել ռուսական նավթի ծավալը, կպահանջվի մեկ տարուց ավելի․ Եվրոպայում և ԱՄՆ-ում վառելիքի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման գները կբարձրանան»,- հավելել է նա։